Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 14:17 17-04-2025
Խորհրդանշական է, որ ընդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունն այսքան ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով։ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ՀՀ-ում տիրող իրավիճակի պատասխանատվությունը իշխանությունն է կրում։

«Ներքին և արտաքին սպառնալիքները, ոչ բավարար անվտանգությունը, սահմանին հակառակորդի սանձարձակությունը, ապագայի հանդեպ տագնապը խոսում են այն մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ միայն Արցախի ճակատագրի նկատմամբ կառավարության ժխտական կեցվածքը բավական է, որպեսզի նրա գործունեությանը անբավարար գնահատական տրվի։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ չի լինելու։ Սակայն իրականության և նրա խոստումների հակասականությունը այլ բան է ենթադրում։ Այն թեզը, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է։ Նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում շատանում են Բաքվի պահանջները․․․ Ոչնչացնում ենք Արցախի անձնագիրը՝ վտանգի տակ դնելով ՀՀ անձնագիրը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով․ «Մենք անվտանգային և հոգեբանական ճգնաժամում ենք»։ Մեջբերելով Հայկ Կոնջորյանի խոսքը, թե ընդդիմությունը «ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» է, կրթվելու էլ տեղ չունի, քաղաքական դինոզավր է»՝ Սեյրան Օհանյանը հավելեց․ «Դուք ընդամենը զապարոժեց վարող եք»։