Ալավերդիում 5 տարի շարունակ կառուցվող դպրոցի անունը կա, շենքը չկա

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 14:45 16-04-2025
Գրեթե չորս տարի է՝ Ալավերդու երկրորդ դպրոցի անունը կա, շենքը՝ չկա: Շինհրապարակի մուտքի մոտ տեղադրված ցուցանակը հուշում է, որ դպրոցի շինարարության ավարտի ժամկետը 2023 թվականի հուլիսն է, սակայն եւս երկու տարի անց դպրոցի շենքը դեռ կառուցման փուլում է: Սահմանված երկու տարում հազիվ դպրոցի հիմքերը կառուցվեցին, շինարարներն ասում էին՝ շինանյութի դեֆիցիտ էր, պատերազմը խանգարեց, նախագծային փոփոխություններ եղան ու այդպես շարունակ:

Հիմա ՝ շինարարության մեկնարկից 5 տարի անց էլ աշխատանքային օրերին ու ժամերին էլ շինհրապարակը կողպված է, աշխատանքները՝ դադարեցված: Մինչ այդ, թիվ 2 դպրոցի աշակերտները Ալավերդու նախկին Եվրոպական քոլեջի շենքում են հարմարվել, դասապրոցեսը կազմակերպվում է երկհերթ: Ֆիզկուլտուրայի դասաժամերն էլ այլ դպրոցում են անցկացվում: Տուժողն, իհարկե, աշակերտներն են, իսկ դպրոցի պատրաստ լինելու մասին տեղեկությունները՝ իրարամերժ: