Արցախցիներն այսօրվա Հայաստանի ամենախոցելի շերտերից են։ Նրանք թողեցին իրենց տները՝ երբեմն առանց մի շորի, առանց փաստաթղթի, միայն հին տան լուսանկարը սրտի գրպանում եկան Հայաստան։ Եկան Հայաստան՝ օտարացած, բայց հույսով, հույսով, որ չեն կորել, որ իրենց տունը դեռ Հայաստանում է։
2023 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստան հասան առաջին տեղահանված արցախցիները։ Նրանք հայտնվեցին Հայաստանում, սակայն իրենց համար ավելի մեծ վտանգ դարձավ այս նոր իրականությունը։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, ասաց, որ Արցախից բռի տեղահանված քաղաքացիների կարգավիճակը շատ կարևոր հարց է: Ընդգծեց, որ Կառավարության վաղվա նիստում կընդունվի որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրվի «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ: Նույն թվականի հոկտեբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան էջում գրեց, որ Արցախից տեղահանվածներին աջակցելու համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար։
Արցախցիները Հայաստանում բախվուն են նաև անձնագրային խնդիրների։ Բանն այն է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում։ Չնայած այս ամենին, Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերի 25-ի կառավարության նիստում նաև վստահեցրել էր, որ ԼՂ-ից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Հիմա հաշվարկում են՝ ինչքան փող կար, ինչքան է մնացել, ո՞ւմ տալ, ում՝ ոչ, հիմա աջակցության ծրագրերը՝ մեկը մյուսի հետևից, կրճատվում են։ Սեպտեմբերի 19-ից փախած մարդուն ասում են՝ «Ժամանակդ լրացել է», աշխատանք դեռ չգտած մարդուն ասում են՝ «Աջակցությունն ավարտված է»։
Խոստումն ավելի ծանր է, երբ դրա վրա են հենվում մարդիկ, ում տունը չկա։ Խոստումները միայն խոսքեր չեն, երբ դրանց վրա հույս են դնում հազարավոր մարդիկ։ Հիմա այդ խոսքերը խամրում են, երբ քաղաքական կամքը չի հետևում դրանց։
Չնայած ՀՀ իշխանությունները, արցախահայության՝ Արցախ վերադառնալու, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը «փակված են» համարում, հայ ժողովրդի, արցախահայության, միջազգային հանրության, իրավական ակադեմիական մի շարք շրջանակների համար հարցն ամենևին փակ չէ։
Ապագայի նկատմամբ անհույս հայացքներով արցախցիները դեռ սպասում են, բայց հաճախ թվում է, որ ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը պատրաստ չեն նրանց ընդունել ու աջակցել։ Պետությունն արցախցիներին դիտում է որպես սպառնալիք և այս ամենն արվում է նրա համար, որ վերջիններս ընտրեն գաղթի ճանապարհը, չէ՞ որ ըստ քաղաքային իշխանությունների՝ արցախցիները սպառնալիք են 2026 թվականի ընտրություններում։
Մանրամասները՝ տեսանյութում։