Թշնամին մեր ժողովրդի ազատության դեմ է։ Ովքեր ՀՀ անկախության դեմ են, թշնամի են։ Եթե որևէ մեկը զենք է բարձրացնում մեր ազատության դեմ կամ սպառնում է զենք բարձրացնել մեր ազատության դեմ, կասկածի տակ է առնում մեր անկախության իրավունքը, ապա թշնամի է։ Մտահոգիչ են նաև ՀՀ ինքնիշխանության դեմ այլ երկրներից հնչող բանավոր սպառնալիքները։
Օրինակ՝ օրեր առաջ ռուս հայտնի լրագրող, խմբագիր, կրեմլյան քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը կրկին խոսել է Հայաստանի չլինելու մասին. «Եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանի և Հայաստանի միջև անբարյացակամ հարաբերություններ հաստատվեն, Ռուսաստանի համար, իհարկե, շատ տխուր կլինի, բայց Հայաստանն, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես գոյություն չի ունենա։ Դա է սարսափելին»,- ասել է նա:
Արդյո՞ք Մարգարիտա Սիմոնյանն արտահայտում է պաշտոնական Մոսկվայի տեսակետը։ Եվ ՀՀ իշխանությունն ինչպե՞ս պետք է արձագանքի այս անթաքույց սպառնալիքին։
Նախ, ի՞նչ է նշանակում՝ «եթե ՀՀ և ՌԴ միջև անբարյացակամ հարաբերություններ հաստատվեն»։ ՀՀ-ն պաշտոնական դիրքորոշումներում ՌԴ ինքնիշխանության իրավունքը կասկածի տակ չի դրել, ՌԴ կործանելու խնդիր չի հետապնդում, ՌԴ չգոյության մասին չի կանխատեսել, որևէ հարթակում չի հայտարարել, որ Մոսկվան դիտարկում է որպես լեգիտիմ թիրախ։ Հետևապես՝ Մարգարիտա Սիմոնյանի խոսքը քողարկված ակնարկ է, որ ՌԴ-ի կողմից ՀՀ նկատմամբ, հնարավոր է՝ անբարյացկամ վերաբերմունք դրսևորվի, և խնդիր դրվի ոչնչացնել ՀՀ-ն։ Եթե հաշվի առնենք նրա զբաղեցրած նախկին պաշտոնները, կրեմլյան խոսափող լինելու պարագան, ապա հիմնավոր կասկած կա, որ սա Կրեմլի տեսակետն է։ Եթե այդպես է, ապա ասվածը ՀՀ ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք է։
Հետևապես՝ ՀՀ իշխանությունը կարող է արձագանքել այս քողարկված սպառնալիքին։ Եթե իրապես անկախության ջատագով են, անկախությունը բարձրագույն արժեք են համարում, ապա ԱԽ քարտուղարը կարող է նկատել, որ Մոսկվայից հնչում են սպառնալի ակնարկներ ՀՀ ինքնիշխանության դեմ։ Եվ դրանց ի պատասխան՝ ՀՀ-ն ձեռնարկելու է կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու ՀՀ-ում ռուսական գործակալների չեզոքացմանը, ՌԴ ազդեցության նվազեցմանը։ ԱԺ պատգամավորները կարող են համարժեք օրինագծեր բերել օրակարգ։
Լավատեսները կարծում են, թե մեծ պայմանավորվածություն կա, ըստ որի՝ ՌԴ-ն դուրս է գալու ՀՀ-ից, դիրքերը զիջելով ԵՄ-ին ու ԱՄՆ-ին։ Եվ այս մասին Մարգարիտա Սիմոնյանը գիտի առաջին ձեռքից ու տխրել է։ Դրա համար այսպիսի հակահայկական ելույթ է ունենում։
Հիշեցնենք, որ 2024-ի մարտին Մարգարիտա Սիմոնյանը նման հակահայկական ելույթ էր ունեցել, կանխատեսելով, որ առաջիկա տարիներին ՀՀ-ն չի լինելու։ 2024-ի մայիսին Մոկսվայում հայ-ռուսական պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ ռուսական զորքերը դուրս բերվեցին հայ-ադրբեջանական սահմանից։ Դրանից մի քանի ամիս անց ռուս զինվորները դուրս եկան նաև «Զվարթնոց» օդանավակայանից և հայ-իրանական մաքսակետից։
Այսպիսով՝ ենթադրելի է, որ Մարգարիտա Սիմոնյանը հակահայկական ելույթներով, կարծես՝ անոնս է անում, նախապես տեղեկացնում, որ ՌԴ-ն առաջիկայում դիրքեր է զիջելու ՀՀ-ում։ Ու եթե այս վերջին հակահայկական ելույթ-սպառնալիքն էլ նույնպիսի անոնս է, ապա 2025-ի մայիսի 9-ին Մոկսվայում, հայ-ռուսական հանդիպման ժամանակ քննարկվելու են ՀՀ-ից ՌԴ-ի հեռացման հերթական քայլերը։ Նույնիսկ եթե այս լավատեսությունն իրական է, միևնույն է՝ ՀՀ իշխանությունը բարոյական իրավունք չունի անպատասխան թողնելու Մարգարիտա Սիմոնյանի հակահայկական ելույթը, քանի որ վերաբերում է մեր ամենամեծ արժեքին՝ պետության գոյությանը։
Պարզ ասած՝ սա հերթական փորձությունն է։ Եթե ՔՊ-ական իշխանություններն անկախության ջատագով են, ապա համարժեք կհակադարձեն հակահայկական ելույթին։ Իսկ եթե անպատասխան թողնեն, ապա հիմք կտան ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական դրածո է։
Թաթուլ Մկրտչյան