Ինձ գժանոց են գցել, շներիս՝ «տապոռել», տունս՝ ջարդել. Էջմիածնի բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:26 11-04-2025
Անահիտը՝ Էջմիածին քաղաքի բնակիչը, տարիներ շարունակ զբաղվելէ կենդանիների խնամքով։ Նրա խոսքով՝ հարևանները դժգոհ էին, որ նա շներ է պահում տանը, ու վերջերս այդ բողոքները հասել են մինչև ոստիկանություն։

«Ոստիկանությունն եկավ, մոտ 15 հոգի էին, ձեռքերս ոլորեցին ու ուղարկեցին Սովետաշենի հոգեբուժարան։ Դա էլ քիչ էր, երբ վերադարձա տուն, տեսա՝ դուռը բաց է, գույքս՝ կոտրված, իսկ շներս չկային։ Չգիտեմ՝ ինչ են արել նրանց հետ… Երևի սատկացրել են, ավելի շուտ տապոռել»,- Oragir.News-ին պատմեց Անահիտը՝ հուզված ձայնով։

Նրա պնդմամբ՝ ինքը հաճախ է ենթարկվում ճնշումների հարևանների կողմից։

«Ինձ ոչ միայն մեղադրում են, որ տարածքը աղտոտում եմ, այլև պարբերաբար բռնության ենթարկում։ Մի քանի անգամ ծեծել են միայն նրա համար, որ շներին կեր եմ տալիս։ Բայց իրականում՝ ես փող եմ աշխատում ուրիշի տարածքները մաքրելով։ Իսկ իմ տունը… Գույքս փչացրել են, դուռս ջարդել։ Հիմա ո՞ւմ դիմեմ։ Եթե նորից ոստիկանություն գնամ՝ գուցե նորից հոգեբուժարան տանեն։ Ես միայն ուզում եմ, որ գան ու գոնե փոխհատուցեն վնասս»,- պատմեց Անահիտը։

Նա նաև նշեց, որ իր սահմանափակ եկամուտը հիմնականում ծախսում է կենդանիների խնամքի վրա՝ սնունդ և դեղորայք ձեռք բերելով սեփական միջոցներով։

Մանրամասները՝ տեսանյութում։