Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չալարեցի, բացեցի կարդացի Վերաքննիչ վարչական դատարանի` Գոյի մասով վերջին որոշումը։
Կարճ` Սունդուկյան թատրոնը դիմել էր դատարան, որ իրեն ճանաչեն Գոյ թատրոնի իրավահաջորդ։ Դե, իբր` Գոյն արդեն "չկա", я за нее! Ու որպես "իրավահաջորդ" պահանջում էր, որ Գոյի բողոքը կարճվի։ Իսկ Գոյը, գիտեք, բողոքարկել է կառավարության որոշումը, որով ինքը` Գոյը, վերամիավորվել է Սունդուկյանի հետ` իր ցանկությանը հակառակ, բնականաբար։ Գոյը իրեն վերացնելու որոշումն է բողոքարկել։ Եվ այդ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է։
Վարչական առաջին ատյանը Սունդուկյանի միջնորդությունը մերժել էր, դիմել էին Վերաքննիչ, Վերաքննիչ վարչականն էլ, ի պատիվ իրեն, մերժեց (էնքան էլ սիրուն որոշում են գրել, գեղարվեստական գրքի պես կարդացվում է, փորձեք)։
Ընդ որում` մերժել են երկու դիմումը միաժամանակ, քանի որ եթե Սունդուկյանը Գոյի իրավահաջորդը չէ, ապա չի կարող Գոյի բողոքը կարճել։
Այսինքն, դատարանն ասում է` Գոյը կա'։
Հիմա ստացվում է, որ Գոյ թատրոնի բողոքը` իրենց թատրոնի լուծարման որոշման դեմ, ուժի մեջ է, Սունդուկյան թատրոնը Գոյ թատրոնի իրավահաջորդը չէ, և Գոյի պայքարն իր իրավունքների համար ամբողջ ուժով շարունակվում է։
Բայց!! Սունդուկյանն արդեն ապամոնտաժել է Գոյի դահլիճի նստարանները, ձևափոխել է թատրոնի տարածքը, վերացրել թատրոնի ներքին կյանքի ատրիբուտները, իրականացրել "տեատրոցիդ" (այո, կա այդպիսի տերմին)։ Առանց սպասելու դատարանի որոշմանը։
Այստեղ, տխրելու փոխարեն, առաջարկում եմ ուրախանալ, որ Գոյն այսքան հետևողական է իր ստեղծագործական ինքնուրույնության պահպանման համար պայքարում։
Սա հազվագյուտ երևույթ է մեր մշակութային դաշտի դոնդողի մեջ։
Ապրի Գոյը»։