Եվրամիությունը պատրաստվում է հարկեր սահմանել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չդադարեցնի առևտրային պատերազմը ԵՄ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Եվրոպան ունի տարբեր պատասխան միջոցներ՝ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների վրա սահմանած մաքսերին։ Այս պահին քննարկվում է հարկեր կիրառել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, արգելել նրանց ներդրումները եվրոպական տնտեսության մեջ, սահմանափակել մտավոր սեփականության իրավունքները և կիրառել այլ պատժամիջոցներ։
Այս միջոցառումների փաթեթը Եվրոպայում անվանում են «բազուկա»։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է խաղաղ լուծում՝ «լիովին հավասարակշռված» պայմանավորվածություն ԱՄՆ-ի հետ, սակայն պարզ է, որ նախկին վիճակին այլևս չեն վերադառնա։
Թրամփի կողմից մաքսատուրքերի սառեցմանը զուգահեռ ԵՄ-ն նույնպես 90 օրով հետաձգել է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների դեմ նախատեսված պատասխան քայլերը, որոնք կարող էին ազդել շուրջ 21 միլիարդ եվրոյի առևտրի վրա։