Երբ երեխան վատ բան է անում, հանդիմանանքի են արժանանում նաև նրա դաստիարակը, ուսուցիչը, որ ժամանակին ու պատշաճ չեն դաստիարակել, կրթել։ Երբեմն չափահաս մարդը սխալ, վատ բան անելուց հետո մտովի հանդիմանում է իր դաստիարակին ու ուսուցչին, որ ժամանակին դիտողություններ չեն արել, որոնք կկանխեին հնարավոր սխալները։ Բայց ուսուցիչը, մարդկանց սովորեցնողն իր սխալի համար ոչ ոքի հանդիմանելու բարոյական իրավունք չունի, քանի որ ուսուցիչը պատասխանատու կոչում է։ Նա պարտավոր է յոթ անգամ ստուգել այն գիտելիքը, որը փոխանցում է մարդկանց։ Իսկ երբ նա սխալվում է, ապա կարող է պարզապես ուղղել սխալն ու ներողություն խնդրել նրանցից, որոնց սխալ բան է մատուցել։
Oragir.News-ը օրեր առաջ
անդադարձել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի մի հանդիպմանը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։ Սակայն պարզվել էր, որ այդ խոսքի հեղինակը Մաթևոսյանը չէ։ «Դա որևէ կապ չունի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում պարզաբանել էր Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։
Այս անդրադարձից հետո Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր, կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։ Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել և չտեսնելը, կարդալ և չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել»։
«Կրթվելը նորաձև է» արշավի առաջնորդի այս արձագանքը քողարկված հանդիմանանք է բանասերների, գրականագետների, Հրանտ Մաթևոսյանի որդու, հանրության հասցեին, կարծես՝ ուզում է ասել՝ «այս 4 տարի ո՞ւր էիք, ինչո՞ւ ուշադիր չէիք հետևում, ինչո՞ւ 4 տարի չէիք տեսնում իմ սխալն ու ուղղում։ Նայում ու չէիք տեսնո՞ւմ, թե՞ կարդում ու չէիք նկատում»։
Սլախվելու իրավունք ունեն բոլորն, այդ թվում՝ «Կրթվելը նորաձև է» արշավի առաջնորդը։ Սակայն իր սխալների համար բանասերներին, գրականագետներին ու գրողի որդուն ու ժողովրդին հանդիմանելն առնվազն համարժեք չէ։ Նա այսպիսի հանդիմանանք կարող է ուղղել իր աշխատողներին և իրեն սիրող մարդկանց, որոնք հետևում են իր էջերին, ելույթներին։ Գուցե նրան թվում է, թե բոլորն իրեն սիրո՞ւմ են։
Ցանկացած մտավորական կարող է ասել, որ ինտելիգենտն այսպիսի իրավիճակում միանգամից ներողություն կխնդրեր իր սխալի համար։ Տվյալ դեպքում «Կրթվելը նորաձև է» արշավի առաջնորդը կարող է ներողություն խնդրել արշավի մասնակիցներից, որ նրանց սխալ բան է փոխանցել մի քանի տարի։ Դրանից հետո կարող է պարզապես խնդրել բանասերներին, գրականագետներին, որ ժամանակ ունենալու դեպքում հետևեն իր ելույթներին և առանց քաշվելու՝ դիտողություն անեն սխալներ տեսնելու պարագայում, քանի որ իր շրջապատում գիտակները շատ չեն։ Վերջում կարող է կանխավ շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք կնկատեն իր սխալներն ու կհայտարարեն դրանց մասին։ Իսկ եթե «Կրթվելը նորաձև է» արշավի առաջնորդը նախ շնորհակալություն հայտնի Դավիթ Մաթևոսյանին, որը նկատել ու հայտարարել է վերը նշված սխալի մասին, ապա բոլոր մարդիկ, հավանաբար, կհավատան, որ Աննա Հակոբյանը հետայսու շնորհակալություն կհայտնի իր սխալները նկատողին ու հայտարարողին, ոչ թե կհանդիմանի, թե ինչո՞ւ շուտ չէիք ասում։
Կարճ ասած՝ վերը մեջբերված գրառումը ցույց է տալիս, որ «Կրթվելը նորաձև է» արշավի առաջնորդը դեռ չի հարգում իր միջոցառումների մասնակիցներին, իր հետևորդներին, իր սխալի մեջ մեղավոր է համարում բանասերներին, գրականագետներին, գրողի որդուն, ժողովրդին, որոնք նայել ու չեն տեսել, կարդացել ու չեն նկատել իր սխալը։ Արդյո՞ք սա անպատասխանատու, անշնորհակալ, ամբարտավան վերաբերմունքի դրսևորում չէ, և արդյո՞ք այսպիսի վերաբերմունքը վայել է անկախ Հայաստանի քաղաքական գործչին, կրթվելու արշավ վարողին։
Թաթուլ Մկրտչյան