Անկոչում բանախոսի, հակակրթության ու հետընթացի համար ամաչելու ենք
copy image url

Անկոչում բանախոսի, հակակրթության ու հետընթացի համար ամաչելու ենք

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 12:30 08-04-2025
«Կրթվելը նորաձև է» արշավը հանդիպումներ է կազմակերպում մարզերում։ «Իմ քայլը» հիմնադրամը մեծ միջոցներ է ծախսում, միջոցառումներ կազմակերպում, որտեղ առանցքային ելույթներ են ունենում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ինչո՞ւ են այս կարևոր արշավը գլխավորում կրթության լուրջ պաշար, գիտելիք, գիտական աստիճան, դասախոսի վաստակ չունեցող մարդիկ։

Շատ հին առակ կա ուսուցչի պատասխանատվության, դաս տալու իրավունքի մասին։ «Մի կին երեխայի հետ գալիս է իմաստունի մոտ, խնդրում սաստել երեխային, որ շաքար շատ չուտի։ Իմաստունը կնոջը խնդրում է 2 շաբաթ անց այցելել։ 2 շաբաթ հետո կինը երեխայի հետ կրկին թակում է իմաստունի դուռը։ Իմաստունը խնդրում է 2 շաբաթ էլ սպասել։ Եվս 2 շաբաթ անց կինն ու երեխան նորից են գալիս։ Իմաստունն ուշադիր նայում է երեխային ու ասում՝ «Շաքար մի կեր»։ Կինը հարցնում է իմաստունին՝ եթե այդ երեք բառն էր ասելու երեխային, ապա ինչո՞ւ միանգամից չասաց։ Միթե՞ ազնիվ էր 4 շաբաթ սպասեցնելը։ Իմաստունը պատասխանում է. «Ես երբեք չէի փորձել հրաժարվել շաքար ուտելուց։ Ուստի չէի կարող մարդուն խորհուրդ տալ մի բան, որը չեմ փորձել։ Այս շաբաթների ընթացքում փորձում էի՝ կարո՞ղ եմ հրաժարվել շաքարից։ Եվ եթե ես կարողացա հրաժարվել, ապա ուրիշին խորհուրդ տալու իրավունք ունեմ»»։

Նիկոլ Փաշինյանը հմուտ լրագրող ու խմբագիր է եղել, բայց բուհական կրթությունն անավարտ է թողել։ Նա լրագրության վարպետության դաս կարող է տալ, իր մասնագիտական փորձը փոխանցել սկսնակ լրագրողներին։ Կարող է մարդկանց պատմել նաև իր քաղաքական կյանքի մանրամասները, 2018-ի հեղափոխության մութ օրերի, մասնավորապես՝ Սևանում խորհրդավոր ընթրիքի մասին։

«Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը ապացուցել է, որ դրամահավաքի լավ կազմակերպիչ է։ Նա էլ կարող է դրամահավաք կազամկեպելու վարպետության դաս անցկացնել։ Նրա և Փաշինյանի կենսագրության մեջ նշված չէ, որ դասընթացների են մասնակցել, ինչ-որ գիտելիքներ, հմտություններ յուրացրել և այդ թեմաներով բանախոսություն կարդալու որակավորում, իրավունք ստացել։

Նրանց ինքնակրթությունն էլ լուրջ մակարդակի չէ։ Հայտնի մտածողների, փլիսոփաների, քաղաքական այրերի գործերին, հավանաբար, ծանոթ չեն։ Խորենացի նոր են փորձում հասկանալ։ Նոր են Հայոց պատմությունն ընթերցում քաղաքական պատասխանատուի տեսանկյունից։ Կասկած կա, որ նույնիսկ դասապլան չունեն։ Արշավն էլ բովանդակապես համակարգված չէ։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացնում են՝ ինքնակրթությամբ ձեռք բերած հատվածական գիտելիքի վերապատում է։

Բոլորը գիտեն, որ կրթությունն առանց ուսուցչի՝ թերի է, կիսատ, մակերեսային։ Բազմաթիվ կարևոր դաշտեր բաց են մնում։ Այս պատճառով՝ կրթության մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության պարագայում նախապատվություն տալ համակարգային կրթությանը։ Բուհերում ցենզ կա. Գիտական կոչում, վաստակ, փորձ չունեցողներին թույլ չեն տալիս դասախոսություն կարդալ։ Այսինքն՝ ինչքան էլ ինքնակրթությունը լավ բան համարվի, այն բանախոսություն կարդալու իրավունք չի ապահովում։ Իսկ Փաշինյանը չլինելով կրթության մասնագետ, չունենալով այդ թեմայով բանախոսություն կարդալու պատշաճ իրավունք, կարծես՝ ակնարկում է, որ ինքն է ակունքն իմաստության, գիտական աստիճան, վաստակ ունեցողներն ո՞վ են։

Հայաստանը միակը չէ, որն այսպիսի փորձություններով է անցնում։ Հեղափոխություն տեսած երկրների մեծ մասն անցել է կրթական, մշակութային դեգրադացման ամոթալի շրջան։ Օրինակ՝ չինական մշակութային հեղափոխության շրջանում Մաոյի 4-րդ կինը՝ Ցզյան Ցինը, որն իրեն համարել է Մաոյի շունը, նոր մշակույթի, նոր կրթության արշավ էր վարում, որն իրականում հակակրթության արշավ էր։ Այդ տարիներին խունվեյբինների ձեռքով սպանվեց 3 միլիոն մարդ, մեծ մասը՝ ուսուցիչներ, գիտական աստիճան ունեցողներ։ Խորհրդային բռնազավթման տարիներին կարգախոս կար՝ «սովորել, սովորել, սովորել», որի տակ նույնպես հակակրթական, հակամշակութային արշավ էր կազմակերպվում։ Հազարավոր մտավորականներ սպանվեցին, հալածվեցին, հազարավոր գրքեր արգելվեցին, բազմաթիվ գիտակարգեր, այդ թվում՝ պատմությունը, աղավաղված կամ աղճատված էին մատուցվում։ Հետագայում խորհրդային պարագլուխները ներողություն խնդրեցին ժողովրդից այս ամենի համար։ Իսկ չինական մշակութային հեղափոխության շրջանը Չինաստանի պատմության ամոթալի էջն է համարվում։

Կարճ ասած՝ սովորելու կամ կրթության մասին Փաշինյանի բանախոսությունները հիմք են տալիս ենթադրելու, որ «Կրթվելը նորաձև է» արշավն էությամբ՝ հակակրթական է, կրթության հայտնի նորմերն արհամարհում է, ինչպես այլ հեղափոխական արշավները։ Նույնիսկ, եթե 3 միլիոն զոհեր չլինեն, ինչպես չինական մշակութային հեղափոխության արդյունքում, այնուամենայնիվ՝ հիմնավոր կասկած կա, որ նույնպիսի ամոթալի հետընթաց է արձանագրվելու։

Թաթուլ Մկրտչյան