Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Հայաստանը հետ է կանչել ադրբեջանցի մարդասպան Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ծերունու էր գլխատել։ Նրա փոխանցմամբ՝ վերջինս Մոսկվայում 7-8 ժամ անազատության մեջ է անցկացրել, ինչից հետո բարեհաջող կերպով Բաքու է տեղափոխվել, քանի որ հայկական կողմը հետ է կանչել հետախուզումը։ «Ի դեպ, Զեյնալլին նաև տեղեկացրել է, որ իր նման մի քանի մարդասպանների նկատմամբ ևս միջազգային հետախուզումը Հայատանը հետ է կանչել...»,- գրել է նա։
Համբարյանի հրապարակմանն արձագանքել է լրագրող Հովհաննես Իշխանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ըստ հրապարակման՝ ՔՊ–ն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում ներկայացված հայցից է հրաժարվել․
Oragir.News–ի հետ զրույցում Հովհաննես Իշխանյանն ընդգծեց, որ խոսքը հավանաբար ադրբեջանցու նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին է։ Նրա խոսքով՝ եթե անգամ ադրբեջանցու հետախուզումը դադարեցնելու մասին տեղեկությունն այս պահին հավաստի չի, ապա Հայաստանի գործող իշխանությունների դեպքում այն հաջորդ պահին կարող է հավաստի դառնալ․
«Սա ժամանակակից ցեղասպանության տեսակ է, որով Հայաստանը ցեղասպանի արարքները կոծկում է։ Եթե մենք ապացուցելի հիմքեր ունենք, որ այդ մարդը գլխատել է ծերունուն ու դրա հիման վրա հայց ենք ներկայացրել, այժմ հայցը հանելու դեպքում նա կրկին կմասնակցի ցեղասպանությանը։ Այսինքն՝ դու թույլատրում ես, որ ազգային հիմքով ծերունուն սպանեն, իսկ դա ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի տեռորիստի, կամ Թալեթաի, Էնվերի, Հիտլերի ու մնացած բոլոր տեսակի ցեղասպանների արարքներից։ Կարելի է ասել՝ սա սմարթ ցեղասպանություն է, որն իրականացնում է ՔՊ-ն, սա նոր տեխնոլոգիա է ցեղասպանության»։
Oragir.News–ի հարցին՝ Հայաստանն այս ամենը անո՞ւմ Ադրբեջանին հաճոյանալու և այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ակնկալիքով՝ Հովհաննես Իշխանյանը պատասխանեց, որ իր կարծիքով ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չունեն։ Ըստ նրա՝ վերջիններս սինխրոն հարաբերություններ ունեն և նրանք միասին զբաղված են հայերի իրավունքների ոտնահարմամբ։
«Եթե այս պահին արցախցիների, այսինքն՝ հայերի հանդեպ, մեծ թափով ատելության քարոզ է իրականացվում ու դա արվում է համակարգային, դրա դեմը չի առնվում, ապա դա չի՞ նշանակում, որ իրենք սինխրոնացված են համագործակցում են ու իրենց հարաբերությունները ոնց որ ամուսների հարաբերություններ լինեն»,– ասաց նա։
Հովհաննես Իշխանյանը վստահ է՝ սրանից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին, սակայն այս համատեքստում համաձայն չէ անգամ պահանջ բառի կիրառման հետ։ Ըստ նրա՝ պահանջ կարելի էր ասել, եթե հակադիր կողմն է բանակցում Ադրբեջանի հետ։
«Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը, կամ Դաշնակցությունը հակադիր կողմեր են և ինչ-որ բան են պահանջում, նրանք էլ՝ մերժում են կամ էլ ընդունում։ Այս պարագայում մենք գործ ունենք սինխրոնացված աշխատանքի հետ, քանի որ նրանց երկուսի նպատակն էլ Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, իսկ եթե այդպես չի, ինչո՞ւ են իրենք պայմաններ ստեղծում, որ արցախցիներն արտագաղթեն, կամ ինչու են ատելության քարոզ անում, Արցախի պետական կայքերը փակում և այլն։ Ինչո՞ւ գերիներին չեն վերադարձնում, որը նոյեմբերի 9-ի պայմանագրով էր ամրագրված, բայց Տավուշից տարածքներ են հանձնում, միջազգային դատարաններից հայցերը հանում և այլն»,- ասաց նա։
Իշխանյանը հավելեց, որ ապրիլի 24–ին բացի Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներից, պետք է այրել նաև մյուս ցեղասպանի՝ ՔՊ–ի տարբերանշանը։ ««Քաղաքացիական պայմանագիր»–ը ժամանակակից ցեղասպանի տեսակ է, որը գործում է ծածուկ։ Իրենք քամելիոն ցեղասպաններ են, որովհետև ներկայանում են որպես հայ, բայց նպատակ ունեն հայերին վերացնել աշխարհի երեսից»,– եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան