Ի՞նչ անել, որ թշնամին չկրակի սահմանին ու ապատեղեկատվություն չտարածի 
copy image url

Ի՞նչ անել, որ թշնամին չկրակի սահմանին ու ապատեղեկատվություն չտարածի 

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 14:00 03-04-2025
Սահմանամերձ գյուղերի բնակիչները ադրբեջանական կողմից արձակված ամենօրյա կրակոցները ոչ միայն լսում են, այլև դրանք հասնում են ՀՀ քաղաքացիների տներին։ Բաքուն ամեն օր ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմից կրակոցներ են լինում։ Ալիևն էլ Հայաստանին շարունակում է համարել թշնամի, չնայած՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դնում։ Փորձագետները կանխատեսում են, որ շարունակվող կրակոցներն ու ապատեղեկատվությունը կարող են վերաճել սահմանային էսկալացիայի և նույնիսկ ագրեսիայի։

Ի՞նչ են անում ՔՊ-ական իշխանությունները և ի՞նչ պիտի անեն, որ ադրբեջանցիները չկրակեն ու ապատեղեկտվություն չտարածեն։

«Պետք է հասնել նրան, որ չկրակեն: Օրնակ, մենք հասանք նրան, որ 2024 թվականին սահմանին զոհեր չեղան, ինչն աննախադեպ երևույթ էր»,- ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հարցին՝ իր կարծիքով ինչու է վերջին շրջանում Ադրբեջանը կրակում հայկական բնակավայրերի ուղղությամբ, Խանդանյանը պատասխանել է. «Որոշակի դրական միջազգային մթնոլորտ կա ձևավորված խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ, և գուցե կա նպատակ՝ այդ մթնոլորտը մի քիչ ոչ դրական դարձնելու, այսինքն՝ ցույց տալու, որ կա որոշակի խնդիր: Սա ընդամենը ենթադրություն է»:

Հանձնաժողովի նախագահի այս արձագանքից պարզ է՝ իշխանությունը գիտակցում է՝ պետք է ինչ-որ բան անել, որ չբարեկամները չկրակեն։ Սակայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ բան չեն անում, քանի որ կրակոցները չեն դադարում։

Հիշեցնենք, որ կրակոցները սկսվեցին մարտի 13-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն անակնկալ ընդունեց Ադրբեջանի պահանջները սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայման, միջազգային հայցերը հետ վերցնելու մասին։ Դրանից հետո, ենթադրվում էր, որ կողմերն կքննարկեն, թե որտեղ ու երբ ստորագրեն, բայց սկսվեցին կրակոցները։ Ադրբեջանը և՛ կրակում է, և՛ ապատեղեկատվություն տարածում, թե Հայաստանն է կրակում իրենց վրա։ Հետևապես՝ ճիշտ ենթադրություն է անում ՔՊ-ական պատգամավորը։ Սակայն պարզ չէ, թե ճիշտ ենթադրություն անելուց հետո ինչո՞ւ համարժեք քայլեր չեն անում։

Աշխարհում բոլորի համար պարզ է, որ խաղաղության դեմ են Բաքուն ու Մոսկվան, քանի որ Բաքուն ուզում է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» զավթել, իսկ Մոսկվան ուզում է վերահսկել այն, ՀՀ մաքսակետերը, Հարավ-հյուսիս ճանապարհը, ենթակառուցվածները, այդ թվում՝ չոր նավահանգիստը, խորցանել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում։

Եթե սա բոլորի համար պարզ է, ապա ՀՀ իշխանությունը կարող է համարժեք քայլեր անել։ Օրինակ՝ կարող է հայտարարել, որ ԵՄ անդամակցելու գործընթացի շրջանակում մտադիր են ժողովրդավարության և անկախության 2-րդ փուլի բարեփոխումներ իրականացնել՝ դեսովետիզացում, լյուստրացիա և այլն։ Կարող են դուրս հրավիրել ռուսական ռազմակայանը, լուծելով կամ առ ոչինչ համարելով 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը։ Սահմանին արձակված ամեն կրակոցին ի պատասխան կարող են այդպիսի մի օրինագիծ բերել ԱԺ։ Գուցե Մոսկվան իր դաշնակից Ալիևին խնդրի, որ չկրակի սահմանին, քանի որ դրանից շատ են տուժում։

Իսկ եթե ՔՊ-ն հույս ունի, որ ԵՄ-ի միջոցով կարող է հասնել նաև կրակոցների դադարեցմանը, ապա այս դեպքում ևս գինը ժողովրդավարության և անկախության 2-րդ փուլի բարեփոխումներ իրականացնելն է լինելու։ Ի վերջո՝ եթե 2024-ին ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայմամբ և ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելով հնարավոր եղավ կանխել սահմանային ողբերգական միջադեպերը, ապա նույն տրամաբանությամբ հնարավոր է այս շարքի բարեփոխումներով լեգիտիմազրկել ռուս-ադրբեջանական ենթադրյալ ագրեսիան ու դադարեցնել բնակիչների քունը խանգարող սահմանային կրակոցները։

Պարզ ասած՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ու նրա առաջնորդը կարող են մի քիչ ջանք գործադրել ու հասնել այն բանին, որ չբարեկամները չկրակեն։ Իսկ եթե ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, այդպիսով հիմք են տալիս ենթադրելու, որ կա՛մ անկեղծ չեն, կա՛մ կաշկանդված են։ Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը չի կարող գլուխ բերել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հուսախաբ անելով խաղաղությանը սպասող ժողովրդին ու միջազգային հանրությանը, արդարացնելով Բաքվի ու Մոսկվայի ակնկալիքները։

Թաթուլ Մկրտչյան