Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկար Արցախի դրոշով՝ անդրադառնալով արցախահայության խնդրին։ Հրապարակմանը կից տեքստում Գերմանիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հիմնականում բնակեցված էր հայերով՝ փաստելով այն իրողությունը, որը, ինչպես քաղաքական շրջանակներում են նշում, ներկայիս հայաստանյան իշխանությունները փորձում են շրջանցել։ Շտայնմայերը Երևանից հետո ապրիլի 2-ին կմեկնի Բաքու։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու, ինչը նոր շեշտադրումներ կարող է մտցնել տարածաշրջանային զարգացումներում։
Oragir.News-ի հետ զրույցում Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը ընդգծեց, որ Գերմանիայի նախագահը բարձրացրել է մի ակնհայտ ճշմարտություն, որը հայաստանյան իշխանությունները փորձում են անտեսել։
«Գերմանիայի նախագահը բարձրացրել է աքսիոմատիկ ճշմարտություն։ Ներկայիս իշխանությունները ուրացել են արցախահայության հարցը, և Փաշինյանն էլ ինքն է հայտարարել, որ քանի դեռ իրենք իշխանության են, չեն բարձրացնելու այս հարցը։ Փաշինյանի իշխանությունը իրեն սպառել է, և ժամանակն է, որ տեղը զիջեն առողջ ուժերին, որոնք կբարձրացնեն արցախցիների բնական իրավունքները ամբողջ աշխարհում։ Այն, ինչ օրինաչափ է, այսօր փաստում են Գերմանիայի նման հզոր պետությունների ղեկավարները»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը իր քաղաքական արժեհամակարգով և ազգային ինքնությամբ համաեվրոպական ընտանիքի մասն է, և այս տարածաշրջանում ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար հայկական գործոնը շատ կարևոր է Արևմուտքի համար։
«Եթե Հայաստանի տարածքը փոքրանա կամ դուրս մնա իր աշխարհագրական սահմաններից, Արևմուտքը չի կարողանա տարածաշրջանի ենթակառուցվածքները հավասարակշռել և իր ազգային շահերին միտված քաղաքականություն վարել»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Գերմանիան ունի լուրջ ազդեցություն Ադրբեջանի վրա, և նրան չեն հուզում Ադրբեջանի կոշտ մոտեցումները։
Ըստ Սիմոնյանի՝ Գերմանիայի համար սա նաև Բաքվի վրա ճնշման միջոց է։
«Եթե հայ ժողովուրդը իր շահերի համար չի կարողանում ճնշում գործադրել, ապա ինչն է խանգարում, որ դա անեն գերտերությունները։ Տարիներ շարունակ Ցեղասպանությունն է մահիկով կախված եղել Թուրքիայի գլխին, իսկ հիմա Հայաստանի իշխանությունները ուրանում են թե՛ Ցեղասպանությունը, թե՛ արցախահայության բնական իրավունքների հարցը, ուստի մենք պետք է խելքներս հավաքենք գլուխներս ու կարողանանք ռազմավարական պատշաճ քաղաքականություն վարել»,- ամփոփեց նա։