Ժողովուրդը հաղթեց։ Վարչական լծակների կիրառումը, բաց քվեարկությունը, ընտրողներին ուղղորդելը չօգնեցին։ Գյումրիում իշխող կուսակցությունը հավաքեց մոտ 36 տոկոս։ Եթե մրցակիցները միավորվեն և կոալիցիա կազմեն, ապա ՔՊ-ն կդառնա ընդդիմություն։ Իսկ Փարաքարում ՔՊ-ն պարտվեց։ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից կազմված «Միասնություն» կուսակցությունների դաշինքը հաղթեց, «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի շտաբում տոնում են նրա հաղթանակը։
ՔՊ-ի բոլոր ջանքերը, փրայմերիզով պաշտոնակատար ընտրելը, ՔՊ ամբողջ կազմով Գյումրի գնալը, ուժի ցուցադրությունը գյումրեցիներին չսարսափեցրեց։ Մրցակիցներին գող, թալանչի անվանելը, մանիպուլյացիաները և այլ գործիքներն արդյունք չտվեցին։ Քաղաքացին ՔՊ-ին մերժեց։ Ի՞նչ հետևանք կունենա այս պարտությունը։ Հանրային խոսույթում քննարկվում է 2 վարկած։
Առաջին վարկածը լավատեսական է, ըստ որի՝ ՔՊ-ն կհաշտվի պարտության հետ։ «Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանն արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին»,- այսպիսի գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Տակավին հայտնի չէ, թե ինչպես են հիմնավորվելու ժողովրդի հաղթանակը։ Սակայն ենթադրելի է, որ մյուս համայնքների քաղաքացիներն օրինակ կվերցնեն գյումրեցիներից ու խիզախորեն կմերժեն ՔՊ-ին նաև 2026-ին։ Եվ ՀՀ պատմության ընթացքում առաջին անգամ ընտրությունների ճանապարհով հիմնովին իշխանափոխություն կլինի, ինչը ժողովրդավարական իրական ձեռքբերում կդառնա։ Փաշինյանի անունը դրականորեն կհիշատակվի պատմության մի էջում։ Նրա վերը նշված գրառումը ենթադրյալ ակնարկ է այդ մասին, որ եթե 2026-ին էլ ընտրողի վստահությանը չարժանանան, ապա նույն սկզբունայնությամբ կընդունեն իրենց պարտությունը։
Երկրորդ վարկածը հոռետեսական է՝ «դեժավյու», ըստ որի՝ ՔՊ-ն կփորձի հալածել ընտրված համայքապետերին ու նրանց թիմերին, ինչպես եղավ նախորդ ընտրություններից հետո։ Փաշինյանի հիշյալ գրառումն ունի հետգրություն։ «Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է նա։ Այսպիսով՝ կարծես ակնարկում է, որ ՔՊ-ն կարող է Գյումրիում ու Փարաքարում քաղաքական մեծամասնություն կազմած ուժերի ներկայացուցիչներին շանտաժ անել, սպառնալով հալածել, հետապնդել այնքան, մինչև նրանք վայր կդնեն մանդատները, որից հետո կրկին փրայմերիզ, կրկին պաշտոնակատար, և այդպես շարունակ։
Փորձագետների կարծիքով՝ ՔՊ-ի պարտությունը ցույց տվեց, որ ժողովուրդը մերժում է ատելության խոսույթը, արհամարհանքը ժողովրդի հանդեպ։ Ենթադրելի է, որ Փաշինյանի ու ՔՊ-ի ղեկավարների հավաքական այցը Գյումրի, նրա էմոցիոնալ ելույթը, մրցակիցներին գող, թալանչի անվանելը գցեց Գյումրիի թեկնածուի վարկանիշն ու նպաստեց պարտությանը։ Եթե ՔՊ-ն առաջիկայում իրապես ժողովրդավարության ջատագով դառնա, ապա կհրաժարվի մրցակիցներին հալածելու հակաժողովրդավարական գործելաոճից, կհրաժարվի ատելության խոսույթից, ժողովրդին էշի տեղ դնելուց, բաց ու անկեղծ կխոստովանի իր սխալները, անկախության և ժողովրդավարության 2-րդ փուլի բարեփոխումներ կիրականացնի; Այս քայլերի արդյունքում գուցե կփոխվի ժողովրդի վերաբերմունքը, և ՔՊ-ի վարկանիշը կրկին կբարձրանա, ու նա 2026-ին հաջողության հասնելու շանս կունենա։
Իսկ եթե ՔՊ-ն շարունակի հակաժողովրդավարական ուղեգիծը, կրկին հալածի, հետապնդի ընտրված գործիչներին, ապա նրա վարկանիշը կձգտի 0-ի, ժողովուրդը երես կթեքի նրանից։ Այս պարագայում ՔՊ-ն կանգնելու է ժողովրդավարությունից հրաժարվելու որոշման առաջ, ինչը վատ հետևանք կունենա, քանի որ Արևմուտքը կարող է երես թեքել ՀՀ-ից, իսկ չբարեկամներն իրավիճակից օգտվելով, կարող են հակահայկական քայլեր անել։
Կարճ ասած՝ ՔՊ-ն հայտնվել է բարդ ընտրության առաջ։ Գյումրիում ու Փարաքարում քաղաքական ուժերը խիզախորեն պայքարեցին ու միասնաբար հաղթեցին, ժողովրդավարական առաջընթացի նոր էջ բացվեց, հույս արթնացավ, որ ՔՊ-ին հնարավոր է հաղթել նաև առաջիկա ԱԺ ընտրություններում, փոխել ՀՀ քաղաքականությունը, ամրացնել անկախությունը, չեզոքացնել անվտանգային սպառնալիքները, ռեալ խաղաղություն հաստատել։
Թաթուլ Մկրտչյան