Քաղաքական բանավեճը ժողովրդավարական նվաճում է։ Քաղաքացիները հնարավորություն են ունենում գնահատել տարբեր, մրցակցող, միմյանց քննադատող քաղաքական գործիչների մոտեցումները, գաղափարները, ծրագրերը և այլն, համեմատել նրանց ու նրանց խոսքը մեկ հարթության մեջ։ Եթե բանավեճում լինում է ակնհայտ հաղթող, ապա պարտվողը դուրս է մղվում մրցակցությունից, երբեմն նաև քաղաքական ասպարեզից։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրեց նախկին նախագահներին, սակայն վերջիններս մերժեցին։ Այստեղ միակ տուժողը ժողովուրդն էր, որը հնարավորություն չունեցավ մեկ հարթության մեջ համեմատել նախկինների ու Փաշինյանի խոսքը, վարքը, համապատասխան եզրակացություն անել, ինչու չէ՝ նաև որոշել պարտվողին ու նրան ճանապարհել տուն։
Բանավեճի ի՞նչ ավանդույթներ են ձևավովել մեր երկրում, և ի՞նչ հետևանք կունենա նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հավաքակա հրաժարումը։
Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում նախընտրական բանավեճ չի եղել։ Քաղաքական կազմակերպությունները նոր էին ձևավորել։ Չնայած Անկախության հանրաքվեն արդեն տեղի էր ունեցել, և Հայաստանն անկախ էր հռչակվել, սակայն անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեծ ժողովրդականություն չուներ։ Ընտրապայքարի առաջատարը Լևոն Տեր Պետրոսյանն էր։ Այս ժամանակ բանավեճ տեղի չունեցավ, քանի որ հաղթողը կանխորոշված էր և նրան, ենթադրաբար, պետք չէր փորձության ենթարկել։
1996-ին նախագահական մրցապայքարը թեժ էր։ Այս դեպքում, ընդդիմությունը միացյալ թեկնածու էր առաջ մղում։ Եվ այս անգամ ևս բանավեճ չանցկացվեց, ենթադրաբար՝ հանրային կրքերն ավելորդ չբորբոքելու նկատառումով։
Առաջին մեծ բանավեճը տեղի ունեցավ 2003-ին, նախագահական ընտրարշավում Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։ Բանավեճին ներկա և հարցեր տալու հնարավորություն ունեցող լրագրողները առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին։ Նրանց մեծ մասը ինչպես 2003-ին էր սպասարկում Քոչարյանի օրակարգը, այնպես էլ հիմա սպասարկում է ՔՊ օրակարգը։ Այս առումով՝ բանավեճի կողմերն անհավասար դիրքերում էր, քանի որ հարցերը իշխանության օրակարգի շրջանակում էին։ Եվ սպասելի էր, որ բանավեճում հաղթեց Ռոբերտ Քոչարյանը։ Նաև այս էր պատճառը, որ մեծ ժողովրդականություն վայելող Ստեփան Դեմիրճյանը հետագա տարիներին աստիճանաբար հեռացավ ասպարեզից ու հայտնվեց լուսանցքում։
Մյուս մեծ բանավեճն արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունեցավ՝ 2018-ի դեկտեմբերի 5-ին, որին մասնակցեցին 11 հոգի՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջնորդները։ Արդարության, հավասարության և չեզոքության առումով՝ 2018-ի բանավեճը մեկ քայլ առաջ էր, սակայն այն հեղափոխական էյֆորիայի տակ էր, և հաղթողն էլ կանխորոշված էր։ 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ ևս կազմակերպվեցին մեծ բանավեճեր, սակայն հանրության հետաքրքրությունը դրանց հանդեպ մեծ չէր, քանի որ հանրությունը հուսահատված էր 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։ Թե՛ 2018-ի, թե՛ 2021-ի բանավեճերին ներգրավված էին մեծ թվով մասնակիցներ, քննարկվող թեմաները բազմազան էին, բայց, ըստ փորձագետների՝ բանավեճը ժողովրդին հուզող շատ հարցերի պատասխաններ չտվեց։ Առանձին մենամարտերը տեղի էր ունենում 2-րդ, 3-րդ տեղերի միջև։
Բանավեճ եղավ նաև Երևանի վերջին ընտրություններից առաջ։ Դրանց հանդեպ հանրային անտարբերությունը ևս մեծ էր։ Բայց Ի տարբերություն 2018-ի ու 2021-ի ԱԺ նախընտրական բանավեճերի, Երևանի նախընտրական բանավեճում իշխանության ներկայացուցիչը ակնհայտ հաղթող չէր։ Եվ այս տպավորությունն արտացոլվեց ընտրությունների արդյունքերում՝ ՔՊ-ն այնքան քիչ ձայն հավաքեց, որ ստիպված եղավ կոալիցիոն իշխանություն ձևավորել Երևանում։ Սա հավելյալ ապացուցեց, որ բանավեճը իշխանության համար պայքարում լուրջ գործիք է։
Նկատենք, որ մինչ օրս՝ բոլոր քաղաքական բանավեճերը նախընտրական տրամաբանության մեջ են եղել։ Այս շարքը կարող էր լրացվել ևս մեկով։ Բայց նախկին նախագահները մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը, ակնհայտ ցուցադրելով, որ Փաշինյանի հետ շփումը տհաճ է նրանց համար։
Եթե Փաշինյանի հրավիրած բանավեճը ևս դիտարկենք նախընտրական տրամաբանության մեջ, ապա ենթադրելի է, որ այն ուներ մեկ խնդիր՝ նախկին նախագահներին ներքաշել նախընտրական պայքարի մեջ։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե բանավեճի, այլ ընտրություններին մասնակցելու հրավեր էր, քանի որ նախկինների հետ ընտրապայքարը ՔՊ-ի համար կարող է կրկնել 2021-ի հաջողությունը։ Նախկինների հետ ԱԺ-ն կիսելը նախընտրելի է ՔՊ-ի համար, քանի որ նրանց կարող են հանգիստ մեղադրել ռուսական շահեր սպասարկելու, անկախության պաշտպանության, եվրաինտեգրացիայի ուղղությամբ բարեփոխումները խոչընդոտելու մեջ։
Եթե ընդունում ենք, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ապա նախկինների կողմից Փաշինյանի հրավերը մերժելը նշանակում է, որ նախկինները մտադիր են դուրս գալ ակտիվ քաղաքականությունից, չմասնակցել առաջիկա ընտրություններին։ Այս մերժումը ոչ միայն հիասթափեցրել, այլև նյարդայնացրել է արդեն ընտրարշավի մեջ մտած, ընտրողների հետ ակտիվորեն շփվող, ժողովրդականության բարձրացման ուղությամբ ակտիվ աշխատող Նիկոլ Փաշինյանին։ Նախկիններին ընտրապայքարի մեջ ներքաշելու մի հուսահատ փորձ է նաև Փաշինյան վերջին գրառումը, որտեղ նա նախկին նախագահներին անվանում է թոշակառու։ Հավանաբար՝ վարչապետը հույս ունի, որ նախկին նախագահները «թոշակառու» բառից կվիրավորվեն, կքշտեն թևերն ու կնետվեն Նիկոլ Փաշինյանի հետ մրցակցության մեջ, որի արդյունքում ՔՊ-ն կրկին կունենա այնպիսի ընդդիմությունը, որին կհամարի «նվեր»։
Կարճ ասած՝ ՀՀ-ում բանավեճի ավանդույթները սաղմնավորման վիճակում են։ Հիմնական սկզբունքները՝ արդարություն, հավասարություն, չեզոքություն, աստիճանաբար արմատավորվում են։ Սակայն քաղաքական օրակարգի ամորֆ պատկերը անհետաքրքիր է դարձնում բանավեճը։ Պատկերավոր ասած՝ բանավեճի ավանդույթ կա, բայց ասելու բան չկա։ Արդյունքում տուժում է ժողովուրդը, որը մնում է անտեղյակության մեջ, քանի որ քաղաքականություն որոշողը իրականության հետ աղերս չունեցող թեմաներ է բարձրացնում, իսկ մրցակից ակտորները բավարարվում են Փաշինյանի պլանները վիժեցնելով։
Թաթուլ Մկրտչյան