Մարտուն Գրիգորյանը, հուսով եմ՝ կանի այն, ինչ հայտարարել է, ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 14:41 31-03-2025
Գյումրիի ընտրությունների արդյունքներն ինձ համար վատը չէին, քանի որ ամբողջ պետությունն իր լծակներով աշխատել է մեր դեմ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ «Մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկի ու պեռաշկու ընտրեց», - ասել է նա ու հավելել, որ ՔՊ-ին դեմ քվեարկելով գյումրեցիները կանգնել են իր կողքին։

Անդրադառնալով ընդդիմադիրների հետ միավորվելուն, «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանը հույս հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանը կպահպանի պայմանավորվածությունները։

«Ես, օրինակ, էսպես եմ ասել, եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, ես, միանշանակ, կմիանամ իրեն՝ առանց պաշտոնի ակնկալիքի։ Գիտեմ, որ Ռուբենը հայտարարություն է արել, Կարենը՝ նույնպես, նրանցից շնորհակալություն եմ հայտնում։ Հուսով եմ, որ իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ»,-ասաց նա։

«Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել։ Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցը կարողացավ խառնել, ես ասել եմ՝ հայ ժողովրդի մեջ ես թշնամի չունեմ։ Ես ներողամիտ մարդ եմ»,-ասաց նա։