Փաշինյանը սողացող ղեկավարի ամենատիպիկ օրինակն է. Գեղամ Մանուկյան
copy image url

Փաշինյանը սողացող ղեկավարի ամենատիպիկ օրինակն է. Գեղամ Մանուկյան

Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 21:26 19-03-2025
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը պատրաստ է ստորագրման։

Oragir.News-ը այս թեմայով զրուցել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ՝ պարզելու՝ ինչ ռիսկեր և հետևանքներ կարող է ունենալ խաղաղության համաձայնագիրը։

Խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը գնահատում է որպես վտանգավոր միակողմանի քայլ:

«Եթե Փաշինյանը շարունակաբար միակողմանի ստորագրում է փաստաթղթեր, վաղը նույն միակողմանիությամբ կարող է անցնել այդ պայմանների իրականացմանը։ Սա զիջումներին գնացած մարդու հոգեբանություն է»,- նշում է պատգամավորը: Մանուկյանի խոսքով՝ փաստաթղթի ստորագրումը, ըստ էության, ենթադրում է զիջումների մի ամբողջ շղթա՝ առանց հանրային քննարկումների կամ պարզաբանումների։

«Խոսքը հատկապես վերաբերում է 3-րդ երկրների ուժերի սահմանին տեղակայման առաջարկից հրաժարվելուն, ինչը մնում է առանց որևէ մեկնաբանության։ Նույնը վերաբերում է միջազգային ատյաններում Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելու քայլերից հրաժարվելուն։ Իսկ ներքին քաղաքական կյանքում իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ժողովրդի իրավունքների մասին խոսելն է դարձել դատապարտելի»,- ընդգծում է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը նահանջների մի շղթա է, ինչը բնորոշ է «սողացող երկրի ղեկավարի» վարքագծին։