Հայտնի է, որ հայ ժողովուրդը գնահատման խնդիր ունի․ նա չի կարողանում կենդանության օրոք գնահատել իր մեծություններին։ Շատերը սա բացատրում են նրանով, որ մեծությունները լավը չեն կամ չափազանց շատ են, հատկապես հեղափոխություններից հետո, բայց դա ճիշտ չէ, իրական պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չափազանց անուշադիր է իր հարստությունների հանդեպ։ Ներկայումս ապրող մեծություններից մեծագույնը մեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է, մարդ, որ համ տալիս է, որ թշնամիներին բարեկամ դարձնի, համ վերցնում, որ թալանը ի վերջո հետ բերի, համ բանաստեղծություններ է գրում, համ կնոջ հետ կրթում մեզ, համ սովորեցնում է, թե ինչպես ամանորից մնացած հին ուտելիքով ձվածեղ պատրաստենք, մի խոսքով, ունիվերսալ մի մեծություն, ինչպիսին անհնարին է գտնել աշխարհի որևէ այլ անկյունում։
Այս տարի լրանում է մեր մեծություն մեծությանցի հիսունամյակը, իհարկե, դժվար է ասել, որ մենք հիսուն տարի է՝ վայելուն ենք իր ներկայությունը, որովհետև իրական վայելքը մի յոթ տարի է, դրանից առաջ իր տնեցիներն էին էգոիստաբար, կարելի է ասել՝ նույնիսկ նենգաբար վայելել մեր մեծ առաջնորդին, բայց ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի, որը ի դեպ, էշը չգիտի, թե ինչ է, կամ մախաթը պարկում չես պահի, էն էլ ինչ մախաթ, տարածաշրջանային մեծության մի առաջնորդ։ Եթե մենք նորմալ ժողովուրդ լինեինք, արդեն պիտի սկսած լինեինք առաջնորդի հիսունամյակի նախապատրաստությունները։ Թե չէ էլի վերջին օրն ենք արթնանալու ու մի հերոսական ճիգով նշենք Փաշինյան երևույթի հոբելյանը։
Մեր խեղճության մասին է խոսում այն փաստը, որ տաղանդավոր կոմպոզիտորներն ու պոետները երգեր չեն ստեղծում մեր հերոսական վարչապետի մասին, փոքրիկ, սիրուն, արևի պես երեխաների երգչախմբերը դեռևս փորձեր չեն անում այդ երգերը մեծ բեմերից կատարելու համար։ Ի դեպ, վերջին երգը, որ գրվել է մեր մեծ առաջնորդի մասին, «Նոլդու Փաշինյանն էր», որը հինգ տարի առաջ է ստեղծվել մեր հարևան ժողովրդի կողմից և ամբողջությամբ չի բացահայտում առաջնորդի կերպարը, կարելի է ասել, որ այն նույնիսկ հնացել է։
Այնինչ եթե մենք նորմալ, կենսունակ ու մեր հարստությունները գնահատող ժողովուրդ լինեինք, ԿԳՄՍ–ն՝ այդ անպետք ու դատարկ կառույցը, արդեն առաջարկների փաթեթ ներկայացրած կլիներ հանրապետական հանձնաժողովին, թե ինչը կարելի է անվանակոչել Փաշինյանի անունով, որ և կհավերժացներ Նիկոլի անունը, և նոր վեհություն կհաղորդեր այդ կառույցներին։ Բայց դե դեռ ուշ չէ, պետք է օր առաջ սկսել այդ քննարկումները։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի անվամբ պետք է կոչվի մետրոյի Աջափնյակ կայարանը՝ ինչ լավ է հնչում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Նիկոլ Փաշինյանի անվան կայարան։ Առաջնորդի անունով պետք է կոչել Ակադեմիական քաղաքը ու նրա մուտքի մոտ տեղադրել նրա՝ ողջ աշխարհում հայտնի պատասխան պահանջող հայացքը, որպեսզի այդ քաղաք մտածները հանկարծ չհամարձակվեն առանց գիտելիքի դուրս գալ այնտեղից։ Մեր Արտաշես արքայի նման Նիկոլ Փաշինյանի անունով պետք է սահմանաքարեր տեղադրվեն, բայց կարիք չկա մեծ, անշարժ քարերի վրա նշումներ անել, ընդհակառակը՝ հաշվի առնելով Փաշինյանի ճկուն քաղաքականությունը՝ այդ սահմանաքարերը պետք լինեն թեթև, նույնիսկ անիվների վրա, որ մեր հարևանները հեշտությամբ կարողանան դրանք տեղաշարժեն։
Նիկոլ Փաշինյանի անվամբ պետք է կոչել Խորովածի փառատոնի այն հատվածը, որը անցկացվում է ասֆալտի վրա, որովհետև գաղտնիք չէ, որ լինելով գյուղից եկած պատանի՝ Փաշինյանը երազել ու հասել է նրան, որ Երևանի սրտում ասֆալտի վրա խորոված անի ու ներս տա այդ խորովածը։ Ընդհանրապես դա կարելի է համարել առանձին ուտեստ, ինչպես իջևանցիներն ունեն ձյան խորոված, այնպես էլ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անվան խորոված, որի առանձնահատկությունը ասֆալտի քաղցր բույրն է։
Նիկոլ Փաշինյանի անունով պետք է մեդալ լինի՝ դիրքերը արագորեն լքելու և ճիշտ հակառակ դիրքորոշում հայտնելու համար, լավ մուտիտի ու լավ կրուտիտի համար, որովհետև պետությունը դեռևս չի խրախուսում այս կենսական նշանակություն ունեցող հատկանիշները։ Բացի սրանից՝ պետք է ստեղծվի թույլ ու տափակ բանաստեղծների աջակցության հիմնադրամ, որը ևս պետք է կոչվի Նիկոլ Փաշինյանի անունով՝ ի փառս մեր ժողովրդի և ի կործանումն մեր թշնամիներին։ Այնպես որ մի համարձակվեք ասել, թե ինչ է արել Փաշինյանը ձեզ համար, այլ մտածեք, թե դուք ինչ եք արել Նիկոլ Փաշինյանի հիսունամյակի տոնակատարությունների համար։
Գևորգ Էմին–Տերյան
Օրագիր Նյուզ