Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյան սոցցանցի իր էջում գրել է.«Մարալիկում չեղարկվել է Թեհլերյանի կողմից թուրքի փաշայի գնդակահարմանը ամյակին նվիրված միջոցառումը։Արվել է իշխանությունների կողմից»:
Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի քանդակագործը պարզաբանել է.
«Առավոտը լուր տարածվեց, որ Մարալիկում Սողոմոն Թեհլերյանին նվիրված միջոցառումը չեղարկվել է։ Ամենատարբեր պատճառներ նշելով, որ դրա հետ կապված ադմինիստրատիվ լծակներ են կիրառվել և բնականաբար լրջագույն հարց է, թե ինչի՞ց ելնելով կարող է այդ ամենը կատարվել, կամ վերջապես մենք ինչքան կարող ենք քայլել մեր համար ընդունելի արժեքային գծերի վրայով։ Տեղի է ունեցել հետևյալը` Մարալիկ համայնքի կողմից վաղուց նախատեսված է եղել միջոցառում իրականացնել, որը ինչ-որ հուշումով կանգնեցվել է և պատճառաբանվել է, որ դա այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի և Հայաստանի արտաքին քաղաքականության իրավիճակում, երբ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում կարող է վնասել հայ-ադրբեջանական, կամ հայ-թուրքական հարաբերություններին։ Այսինքն՝ ելնելով այսօրվա արտաքին քաղաքականույան կոնյունկտուրայից՝ Ադրբեջանի հետ այդ համաձայնագիրը, թուրք լրագրողներին Հայաստան հրավիրելը և այլն, կողքից այդ անձանց տարբեր կառույցներ հուշել են չեղարկել միջոցառումը՝ ասելով, որ դա ՀՀ արտաքին քաղաքականությանը դեմ է, չեն ուզում խանգարել»,- ասում է Գևորգյանը։
Արթուր Գևորգյանի խոսքով` մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ Խորհրդային Միության ժամանակ կարելի էր խոսել Անդրանիկից, Նժդեհից, այս իշխանությունների օրոք այդ ամենի մասին խոսելն արգելվում է։
«Չեմ կարծում թե ժամանակի ընթացքում մեզ կարգելվի առհասարակ հայկական ազգային-ազատագրական պայքարի և հերոսների հուշարձաններ այցելել, բայց միևնույն ժամանակ մենք կանգնած ենք մի այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը ամեն ինչ կանի, որ նմանատիպ միջոցառումներ, ոգեկոչման տարբեր պրոցեսներ տեղի չունենան։ Դիմացը ապրիլի 24-ն է և շատ հետաքրքիր կլինի դիտարկել, թե այդտեղ ինչ կարծիքներ կհնչեն, կամ ինչ կարելի է տեղի ունենալ, որովհետև եթե Սողոմոն Թեհլերյանի արձանի շուրջ ազգային միջոցառում իրականացնելը կողմնակի հուշումով արգելվում է, ապա ինչ կարող է տեղի ունենալ Ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման ժամանակ»,- ասում է Գևորգյանը։
Գյումրեցի քանդակագործի խոսքով` մենք գնում ենք մի ճանապարհով, որտեղ մեր ազգային արժեքները մերժելով, կամ զիջելով մի օր կանգնելու ենք անդառնալիության կետի առաջ։
«Էդ միջոցառումը ինչքան էլ, որ լուսաբանվեր համապետական միջոցառում չէր և ՏԻՄ-ի կողմից էր իրականացվում և շատ հանգիստ կարող էր անցնել։ Մարդիկ թույլտվություն ունեին, ընդհանրապես առարկության չպետք է արժանանար»,- եզրափակում է գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը։
Նշենք, որ Սողոմոն Թեհլերյանի արձանը Մարալիկում տեղադրվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։