Բանաձևերը պատանդներին ոչինչ չեն տա․ Ալիևը հակված չէ նրանց ազատ արձակել
copy image url

Բանաձևերը պատանդներին ոչինչ չեն տա․ Ալիևը հակված չէ նրանց ազատ արձակել

Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:10 14-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Եթե ինչ-որ մեկն ինձ ասի, թե եվրոպական կառույցների ընդունած բանաձևերն ինչ-որ պահի՝ անկախության տարիներին, մեզ ինչ-որ բան տվել են, ես գուցե կարողանամ Ձեր հարցին պատասխանեմ, բայց և՛ ԵԽԽՎ-ի, և՛ ԵԱՀԿ-ի, և՛ եվրոպական մյուս մարմինների ու միջազգային կառույցների որոշումները վերջին 30 տարում ոչինչ չեն տվել։ Դրանք առավելապես դեկլարատիվ հայտարարություններ են, ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ»,- Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ գնահատելով պատանդների հարցով ԵԽ վերջին բանաձևը և պատասխանելով մեր հարցին, թե այն որքանո՞վ կնպաստի պատանդների ազատմանը։

Քաղաքագետը շեշտում է՝ ներկայումս Հայաստանում պատանդների հետ կապված համընդհանուր դժգոհություն կա, քանի որ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց է ծավալվում, սակայն Բաքուն այս մարդկանց չի վերադարձնում։ Նրա խոսքով՝ այս համատեքստում ԵԽ-ում որոշել են Հայաստանին հերթական «եվրոպական կուտը» տալ, ինչպես դա բազմիցս եղել է նախորդ տարիներին․

«Հիշենք եռակողմ պայմանավորվածությունները Մակրոնի և Շոլցի հետ, ինչպես նաև Արցախյան հակամարտության կապակցությամբ ընդունված մյուս փաստաթղթերը։ Դրանք հիմնականում ունեցել են և ունեն քարոզչական բնույթ, դրանց իմաստն էլ այն էր, որ ցույց տային եվրոպական կառույցները հետաքրքրված են, Ռուսաստանը՝ ոչ։ Երբ խորանում ես, տեսնում ես սրանցում հակառուսական նարտիվներ կան»։

Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այս բանաձևը նույնպես կանտեսի, ինչպես դա արել է նախորդ դեպքերում։ «Ես որպես մասնագետ եմ ասում՝ ոչ մի փաստ չեմ հանդիպել, հատկապես վրդովեցնող էր Միջազգային քրեական դատարանի երկու որոշումների չկատարում՝ Լաչինի միջանցքը բացելու հետ կապված, որոնք Ադրբեջան պետությունը տանում էր քրեական հարթություն։ Դրանք 0 արձագանք ունեցան, հետևողականություն չեղավ, եվրոպական ոչ մի լիդեր չեկավ դրա հետևից։ Հիշենք Արցախի հյուծիչ շրջափակումը, որը դարձավ փիարվելու միջոց․ տարբեր գործիչներ գալիս էին՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և այլն, նկարվում էին սահմանին, Հայաստանին աջակցելու շոու ծրագրեր էին իրականացնում, և արդյունքը մենք տեսանք, թե ինչ եղավ։ Ես նման բանաձևերը լուրջ չեմ համարում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չի կիսում այն տեսակետը, որ նման բանաձևերի ընդունումը կարևոր է՝ գերիների կարգավիճակը ֆիքսելու, ինչպես նաև հետագայում նպաստավոր լուծումների հասնելու տեսանկյունից։ «Դա ի՞նչ է տալիս Հայաստանին կամ պատանդներին։ Աշխարհում 200 պետություն կա, նրանցից 150-ը կարող են տարբեր որակումներ տալ, մեկն ասի՝ հանցագործ են, մյուսը՝ ռազմագերի, և այլն։ Իրականում դա ոչինչ չի տալիս գերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանն այդ մարդկանց ազատ չի արձակի, քանի դեռ իր ցանկալի պայմաններով խաղաղության պայմանագիրը չի կնքվել»,- նշեց նա։

Գարիկ Քեռյանը հավելեց՝ պատանդները խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ կարող են պահվել Ադրբեջանում, քանի որ նրանք կարող են Ալիևի կողմից կիրառվել որպես ճնշման շատ արդյունավետ գործիք։

Հիշեցնենք՝ նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանը հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

Բանաձևը պահանջում է, որ Եվրամիությունը կոնկրետ պայմաններ դնի Ադրբեջանի առաջ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի հայերի իրավունքները, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել և հետևել հայերի դատավարություններին։

Դավիթ Գույումջյան