Սիրիայում ցեղասպանություն իրականացնող խմբավորումները միացել էին բանակին․ արաբագետ
copy image url

Սիրիայում ցեղասպանություն իրականացնող խմբավորումները միացել էին բանակին․ արաբագետ

Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 17:15 10-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում, վերջին օրերին փոքրամասնությունների, մասնավորապես՝ ալավիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվում։ Չնայած Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երկրում խաղաղության կոչ է արել, այնումենայնիվ ցեղասպանական գործողությունները չեն դադարում, որոնց հետևանքով զոհեր կան նաև հայ համայնքի շրջանում։

Oragir.News–ը արաբագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ Տարտուսում և Լաթաքիայում ցեղասպանություն իրականացնող խմբավորումներն Սիրիայի ներկայիս իշխանությունների վերահսկողությունից դո՞ւրս են, թե՞ այս կերպ վերջիններս պարզապես փորձում են տպավորություն ստեղծել, որ իրենք տեղի ունեցողի հետ կապ չունեն։ Ի պատասխան՝ նա նշեց, որ ֆորմալ առումով բոլոր այն ուժերը, որոնց հետ կապում են Սիրիայում իրականացվող գործողությունները, երկրի անցումային իշխանությունների կոչով միացել էին բանակին․

«Կամ այն խմբավորումները, որոնք կային, համաձայնել էին կազմել երկրի զինված ուժերի մասը, ու դրանք ֆորմալ բանակի մի մասն էին կազմում։ Այժմ դրանց մի մասը ցույց տվեց, որ ոնց որ թե գործում է նախկին՝ ջոկատային տրամաբանությամբ։ Այստեղ 2 հարց է առաջանում․ կա՛մ Դամասկոսը սանկցիաներ տվել է նման գործողությունների, կա՛մ էլ այս խմբերը փորձում են հավելյալ դիրքավորումներ ձեռք բերել ու իրենց կշիռը բարձրացնել՝ համագործակցելով տարբեր ուժերի հետ։ Փաստացի վերջիններս ցույց են տալիս, որ Դամասկոսում նստած իշխանությունները իրենց վրա նման մեծ ազդեցություն չունեն։ Պարզապես այստեղ ինֆորմացիայի պակաս կա՝ հասկանալու համար ներքին խմորումները, բայց այն բրիգադը, որի անունը շրջանառվում է, «Սուլեյման շահ» բրիգադը, ժամանակին հայտնել էր, որ միանում է բանակին, այսինքն՝ ուզում է մաս կազմել նոր ձևավորվող զինված ուժերին»։

Oragir.News–ի հարցին՝ անձամբ ո՞ր տեսակետին է առավել հակված՝ Հայկ Քոչարյանը պատասխանեց, որ Սիրիայում իրավիճակը չափազանց բարդ է, և փոքրամասնությունների խնդիրներն այնքան են կուտակվել, որ անգամ հասարակ մի կայծից ամեն ինչ կարող է բռնկվել, իսկ այս պահին գոյություն ունեցող հակասական ինֆորմացիան թույլ չի տալիս պատասխանատվությունը կոնկրետ մի կողմի վրա դնել։ Նրա խոսքով՝ սիրիական հասարակությունում, որն անցել է քաղաքացիական դաժան պատերազմով, կան տարիներով կուտակված խնդիրներ, և անցումային այս շրջանում ազգային փոքրամասնությունները թիրախավորվելու են, ինչի մասին մասնագետները բազմիցս զգուշացրել են․

«Այժմ դրան ենք ականատես լինում։ Այս պահին կարևոր չէ, թե դա ով է արել, կարևորն այն է, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Խոսքը դրա մասին է։ Եթե այս պահին փորձենք մեղավորներին գտնել, դա հարցը չի լուծում, որովհետև այս ամբողջն արդեն այլ հարթություն է տեղափոխվել և անհրաժեշտ է հետևանքները վերացնել»։

Oragir.News–ի հարցին՝ Սիրիայի հայ համայնքին պաշտպանելու նպատակով Հայաստանն ի՞նչ կարող է անել՝ Հայկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե այնտեղ հայեր կան, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իրենք են որոշում մնա՞լ, թե՞ գալ, եթե Հայաստան գալու ցանկություն ունեցողներ կլինեն, պետությունը պետք է այդ մարդկանց հյուրընկալելու և օգնելու ծրագրեր ունենա։ Բայց այս կոնֆլիկտը երեկ չի սկսվել, վերջին 14 տարին այս զարգացումները տեղի են ունենում, որոնց հետևանքով համայնքը բավականին նոսրացել է, մի մասը արդեն տեղափոխվել է Հայաստան։ Այն մարդիկ, ովքեր մնացել են այնտեղ Սիրիան իրենց տունն են համարում, այսինքն՝ իրենց հետ պետք է խոսել ու հասկանալ, թե ինչ օգնություն կարելի է տրամադրել, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կարող է հասկանել՝ ինչպես օգտակար լինել և այլն»։

Հայկ Քոչարյանը հավելեց՝ Հայաստանը տեղում իրավիճակին միջամտելու հնարավորություններ չունի։

Դավիթ Գույումջյան