10 անշարժ գույք, 2 մեքենա, 109 մլն կանխիկ, 71 մլն եկամուտ․ Շիրակ Թորոսյանի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:15 06-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Աղաբաբյանի և չափահաս դուստրերի՝ Անի և Արևիկ Թորոսյանների 2023 թվականի հայտարարագրերը։

Բոլոր ժամանակների իշխանական պատգամավորը հայտարարագրել է 8 միավոր անշարժ գույք, որն ունի հետևյալ տեսքը․ Համատեղ սեփականությամբ ավտոտնակ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը գնել է 2012 թվականի հունիսի 28-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Նոր Նորքում՝ գնված 2000 թվականի մարտի 16-ին, համատեղ սեփականությամբ բնակարան՝ Ավանում՝ գնված 2011 թվականի փետրվարի 1-ին, համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ Ավանում՝ գնված 2012 թվականի հուլիսի 25-ին, համատեղ սեփականությամբ 2 ավտոկայանատեղի՝ կրկին Ավան վարչական շրջանում՝ գնված 2011-ի փետրվարի 1-ին և 2021-ի հոկտեմբերի 21-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 2 հողամաս, որոնցից 1-ը Ավանում, մյուսը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ գնված համապատասխանաբար 2017-ի մայիսի 29-ին և 2020-ի հուլիսի 23-ին։ Տարեվերջին պատգամավորի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Իշխանական պատգամավորը Լեգալ ՍՊԸ-ում ունեցել է 54 մլն 7200 դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Թորոսյանի բանկային հաշիվները դատարկ են եղել, պատգամավորը նախընտրություն է իր դրամական միջոցները կանխիկ պահել։

Վերջինս 2023-ի տարեսկզբին ունեցել է 42 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 41 մլն դրամ։ Հաշվետու տարում Շիրակ Թորոսյանի եկամուտները կազմել են 60 մլն 515․570 դրամ, որից 10 մլն 762․570 դրամը Ազգային ժողովից, 1 մլն 153 հազար դրամը Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է, 48 մլն 600 հազար դրամը՝ Ֆասթբանկ ՍՊԸ-ից ստացած փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 118 հազար դրամ։ Պատգամավորի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի 2 ոչ բնակելի տարածք՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել 2020 թվականի մարտի 2-ին։

Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի նոյեմբերի 22-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնությամբ պահպանվել է։ Վերջինս 100 տոկոս բաժնեմաս է հայտարարագրել Գոռ գրուպ ՍՊԸ-ում, որտեղ տարեսկզբին ունեցել է 12 մլն 864․406 դրամ փոխառություն, տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը կազմել է 24 մլն 272 հազար դրամ, իսկ վերադարձված փոխառության գումարը կազմվել է 17 մլն 166․850 դրամ։

Իշխանական պատգամավորի կինը նույնպես իր դրամական միջոցները կանխիկ է պահում, հավանաբար բանկերին չի վստահում։ Նա տարեսկզբին ունեցել է 68 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 67 մլն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուները կազմել են 9 մլն 527․960 հազար դրամ, որից 7 մլն 767․960 դրամը տարածքը վարձակալության հանձնելու դիմաց ստացած եկամուտն է, 1 մլն 760 հազար դրամը Գոռ գրուպ ՍՊԸ-ից ստացած աշխատավարձը։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 934․075,27։

Վերջինս իր եկամուտներից 7 մլն 130․827,31 դրամ հատակցրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Պատգամավորի դուստրը՝ Արևիկ Թորոսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա 90 օրից ավելի տիրապետում է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում, ենթադրաբար իր մոր՝ Սուսաննա Աղաբաբյանի մեքենան է, քանի որ մակնիշն ու արտադրման տարեթիվը համընկնում են։

Արևիկ Թորոսյանն աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ հանձնաժողովի անդամի օգնական։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա բանկային հաշիվներին եղել է 50 հազար դրամ գումար, իսկ նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 1 մլն 521․959 դրամ, որից 1 մլն 473․382 դրամը ԿԿՀ-ից, 48․577 դրամը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի մյուս դուստր՝ Անի Թորոսյանը, ոչինչ չի հայտարարագրել, դատարկ են եղել նրա բանկային հաշիվները, կանխիկ գումար նույնպես նա չի ունեցել։