Վերջին շրջանում լարվածության միտումներ են նկատվում թուրք-իրանական հարաբերություններում․ նախօրեին Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարն է հրավիրվել Թուրքիայի ԱԳՆ՝ մտքերի փոխանակության, Թեհրանում էլ՝ Թուրքիայի դեսպանին են հրավիրել Իրանի ԱԳՆ, որտեղ ընդգծել են երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։
Դիվանագիտական փոխհրաձգության պատճառը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունն էր։ Նա Ֆիդանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ Թեհրանն օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG), նշել՝ այդ քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի:
Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ այս լարվածությունն առաջացավ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ եթե Ֆիդանի հայտարարության չակերտները բացենք, ապա վերջինս նշեց, որ Իրանը չպետք է խառնվի տարածաշրջանային հարցերին․
«Այսինքն՝ սա Իրանի պրոքսի ուժերին ուղղված հայտարարություն էր, հատկապես՝ Սիրիայում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Ճիշտ է՝ իրանական կողմը տեսանելի մակարդակում դուրս է եկել Սիրիայից, բայց շարունակում է հովանավորել ալևիներին, քրդական ուժերին, ինչպես նաև լիբանանյան «Հըզբոլլահ»-ին։ Սա միտված էր այդ քաղաքականությանը, և Իրանից՝ այդ թվում պաշտոնական և փորձագիտական մակարդակով, հնչեց հայտարարություն, որ իրանական կողմն իր տարածաշրջանային ազդեցությունից չի հրաժարվելու»։
Գարիկ Միսակյանը կարծում է, որ Թուրքիայի այս հայտարարությունը հավանաբար է կապված է ԱՄՆ-ի նոր քաղաքականության հետ՝ տարածաշրջանում ուժերի վերադասավորման, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հետ։ Նրա խոսքով՝ եթե պատերազմն իսկապես դադարեցվի, ապա Թուրքիան փորձելու է դառնալ տարածաշրջանի հիմնական դերակատարը, ինչը հակասում է Իրանի շահերին․
«Այսինքն՝ այս երկրների միջև լարվածության հիմնական պատճառներից մեկը ոնց որ միշտ տարածաշրջանում հիմնական՝ գերակա ուժի դերը ստանձնելու պայքարն է։ Թուրքիայի և Իրանի միջև միշտ էլ եղել են հակասություններ, սակայն դրանք վերահսկելի են եղել, կարծում եմ՝ վերահսկելի կլինի նաև այս լարվածությունը, որովհետև այս երկրները լուրջ բախման երբևէ չեն գնացել ու չեմ էլ կարծում, որ կգնան։ Ուղղակի սա որոշակի վերադասավորումների փուլ կարող է լինել՝ կապված նաև արտատարածաշրջանային ուժերի վարած քաղաքականության հետ, հավանաբար նաև որոշակի առումով Միացյալ Նահանգներ–Իրան բանակցությունները վերսկսելու կամ դադարեցնելու վերջնական գործընթացի հետ, Սիրիայում Իսրայելի ներկայության և որոշակի հակասությունների, որոնք կարող են լինել Թուրքիայի հետ և նաև քրդական ուժերին Իրանի հովանավորությունը, ինչը բացահայտ կերպով ուղղված է լինելու Թուրքիայի շահերի դեմ»։
Oragir.News-ի հարցին՝ թուրք-իրանական հարաբերություններում նկատվող լարվածությունը Հայաստանի վրա կազդի՞՝ իրանագետը դրական պատասխան տվեց՝ շարունակելով՝ Հարավային Կովկասի վրա գրեթե բոլոր տարածաշրջանային զարգացումներն ու մրցակային պայքարներն անդրադառնում են։ Նա Թուրքիայի դերի մեծացման համատեքստում ուշադրություն հրավիրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրի վրա՝ հիշեցնելով, որ դա ադրբեջանա-իրանական լարվածության հիմնական պատճառներից մեկն է։ «Դա մեր վրա իհարկե՛ կանդրադառնա, նաև հայ-իրանական հարեբերությունների և տարածաշրջանում Թուրքիայի ներկայության տեսանկյունից»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան