«Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը տալիս է այն ցուցմունքները, ինչն ադրբեջանական կողմն իրենից պահանջում է։ Կարելի է ենթադրել, որ այս ցուցմունքներ կլինեն շարունակական»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական դատարանում Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի տված ցուցմուքը, որոնք հրապարակվել էին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։
/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/Քաղաքագետը նկատում է, որ Արայիկ Հարությունյանն այսկերպ փորձում է պատասխանատվությունն իր վրայից հանել, քանի որ Ադրբեջանում իրեն մեղադրում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջան ռմբակոծելու հրաման տալու մեջ։ Նրա խոսքով՝ Հարությունյանը ցանկանում է այդ մեղադրանքն իր վրայից հանել և ասել, որ դա իր որոշումը չի եղել ու պատերազմի ժամանակ բանակի կառավարումն ինքը չի իրականացրել։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանն այն գիծն է տանում, որ Հայաստանն իր նկատմամբ ագրեսիա է իրականացրել և պատերազմել են ոչ թե արցախցիները, այլ Հայաստանի զինված ուժերը։ Բացի այդ, Պրահայում, որտեղ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու նաև ասաց, որ դա Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներն են եղել, այսինքն՝ դեռևս 1990-ական թվականներին է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ստացվում է, որ Հայաստանն ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի տարածքում։ Փաստացի Պրահայում ստորագրված փաստաթուղթը դեռևս շատ ծանր գին է ունենալու Հայաստանի համար»,- նշում է նա։
Ստեփան Դանիելյանը նկատում է, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնելու պատասխանատվությունը բարդելու է Հայաստանի վրա։ Ըստ նրա՝ ՀՀ այսօրվա ղեկավարության դիրքորոշումը նպաստում է դրան․ «Ադրբեջանը Հայաստանի առջև փոխհատուցման պահանջ է դնելու ու բնականաբար այդ փոխհատուցումը տանի արդեն տարածքային խնդրի վրա։ Սյունիքի հարցն է առաջ տանում, սա է առաջ տանում այդ երկիրը»։
Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը վերջին շրջանում Արցախի ղեկավարների նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն գործադրում՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Ինչպես են իրենց պահում մյուս պատանդները՝ դժվար է գնահատել, սակայն Ռուբեն Վարդանյանն իրեն շատ սկզբունքային է պահում և նման կտտանքների ենթարկվելով ցուցմունքներ չի տալիս և հայտարարում է, որ լինեում են կտտանքներ։ Ռուբեն Վարդանյանի պահվածքը հերոսական է, ինչը չի կարելի ասել Արայիկ Հարությունյանի մասին»։
Քաղաքագետը ենթադրում է, որ Արայիկ Հարությունյանը դեռ շատ ցուցմունքներ է տալու, որոնք իրենից պահանջելու է ադրբեջանական կողմը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը, որի շրջանակներում ցուցմունք է տվել նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ադրբեջնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝
Հարությունյանն ասել է, որ «2020 թվականի հունիսին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել բանակցային գործընթացի ընթացքի մասին, որից հետո՝ 2020-ի հունիսին Երևանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մեր համատեղ նիստը, որի ժամանակ Հայաստանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարարը ներկայացրել բանակցային գործընթացը»։ Հաղորդվում է նաև, որ իր ցուցմունքներում Հարությունյանը, իբր, ասել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին ուղղված հարվածները որոշել է Հայաստանը։
Դավիթ Գույումջյան