«Ազատություն»-ը թիրախավորվում է, քանի որ հրաժարվել է պրոիշխանական վարքագծից
copy image url

«Ազատություն»-ը թիրախավորվում է, քանի որ հրաժարվել է պրոիշխանական վարքագծից

Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:15 28-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես ինքս բավականին երկար ժամանակ անհամաձայնություն ունեի «Ազատություն» ռադիոկայանի հետ՝ լուսաբանման տեսանկյունից, ես համարում էի, որ շատ պրոիշխանական էր իրենց վարքագիծը, որի հետ «Ազատության» գործընկերները համաձայն չէին։ Կարծում եմ՝ քաղաքականությունը փոխվել է, «Ազատություն»-ը վերադարձել է այն տրամաբանությանը, որով ինքը գործել է ժամանակին ու որով ինքը շատ գնահատվել է, ինչից օրվա իշխանությունները սրտեղել են, շատ-շատ են սրտնեղել»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է «Ազատություն» ռադիոկայանը հայտնվել իշխանությունների թիրախում։

Իրավապաշտպանը շեշտում է՝ իշխանություններն առաջնորդվում են «ով մեզ հետ չի, նա հայ չի, Հայաստանի թշնամին է» գաղափարով, ուստի այս գործելակերպը շատ սպասելի ու ակնկալելի էր։ Ըստ նրա՝ ցանկացած մեկը, ով կհամարձակվի այլախոհություն դրսևորել, Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չտալ, նա ենթարկվելու է թիրախավորումների։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք այս կերպ Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է հաճոյանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ վերջինիս վարչակազմը ձգտում է կասեցնել «Ազատության» գործունեությունը՝ իրավապաշտպանը պատասխանեց՝ Փաշինյանը մարդ է փնտրում, որին կարելի է հաճոյանալ, իսկ թե ով կլինի նա՝ էական չէ։

«Ինչքանով դա Հայաստանի Հանրապետության շահերից կբխի՝ Փաշինյանին առանձնապես հետաքրքիր չէ։ Լինելով լրագրող՝ նման գործողությունների իրականացումը ոչ միայն իրավական տեսակետից է խախտում մեր Սահմանադրությունը, որովհետև խոսքի ազատությունը մեր Սահմանադրության մեջ ֆիքսված իրավունքներից է, այլ նաև բարոյականության նորմերն է սահմանազանցում, որովհետև ինքը ժամանակին եղել է լրագրող, կամ չգիտեմ՝ երևի եղել է լրագրող, կամ գործարար է եղել ու այլ պատկերացում է եղել, և լրագրությունն իր համար հաջողակ գործարքներ կնքելու հնարավորություն է եղել։ Այլապես մարդն ով աշխատել է որպես լրագրող ու պատկերացնում է լրատվամիջոցների ազատության կարևորությունը, այսպիսի քայլերի չի կարող գնալ», -ասաց նա։

Կարապետյանցը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է բացառապես իր իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունն այլ նպատակ, երազանք, սրբություն ու արժեք չունեն, իրենց նպատակը միայն իշխանության պահպանում է․

«Վստահ եմ, որ սա կունենա արձագանք, քանի որ դեռևս կան միջազգային իրավապաշտպան կառույցներ, որոնք դեռ շարունակում են աշխատել և չեն ընկել Թրամփի, Մասկի կամ առավել ևս Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ։ Այդ արձագանքը կազդի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։ Ի վերջո Հայաստանին աջակցելու, ինչ-որ աջակցություն տրամադրելու հարցերում դա կարևոր ու որոշիչ է լինելու։ Աշխարհին հետաքրքիր չեն փոքր, ռեսուրսներ չունեցող դիկտատորական ռեժիմները։ Եթե լինեինք մեծ երկիր, որտեղ անսահման ռեսուրսներ լինեին, գուցե միջազգային հանրությունն այս ամենի վրա աչք փակեր։ Միակ բանը, որը փոքր երկրները կարող են տալ աշխարհին, ժողովրդավարությունն է։ Ցավոք սրտի մենք այս հարցում կունենանք մեծ անկում»,- եզրափակեց նա։

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում իշխանական գործիչների կողմից «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու արշավ է սկսվել։ Իշխանականները լրատվամիջոցին սկսել են մեղադրվել ֆեյք տեղեկություններ տարածելու և միակողմանի տեղեկատվություն ներկայացնելու մեջ։ Նախօրեին այս կապակցությամբ հայտարարություն էին տարածել լրագրողական կազմակերպությունները՝ դատապարտելով իշխանությունների գործողությունները։