Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրին նոր քաղաքապետի թեկնածու ունի։ Ընտրական ցուցակը գլխավորելու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Լևոն Բարսեղյանը չորրորդ անգամ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։
Նշենք, որ Բարսեղյանը 3 անգամ եղել է Գյումրիի ավագանու անդամ։ Հիշեցնենք, որ արևմտամետ 3 ուժերը՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» կմասնակցեն Եվրադաշինքով։
Քաղաքական այս երեք ուժերն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում միասնական մասնակցության մասին հուշագիր են կնքել։ Լևոն Բարսեղյանը իր խոսքում հայտարարեց, որ իրենց խոսքում չի լինելու` պոպուլիզմ, չի լինելու՝ ամբոխահաճություն։
«Շատ կոնկրետ խնդիրների շատ իրական լուծումներ կան, որոնք բազմիցս առաջարկել ենք, նախորդ քաղաքապետերին ենք առաջարկել և այդ լուծումները չեն արվել, առեղծվածային պատճառներով, չենք հասկացել։ Մանավանդ համաձայնել են, որ այս խնդիրը այսպես պիտի լուծվի, բոլոր երեխաները պետք է մանկապարտեզ հաճախեն, դա պետք է լինի հավասար պայմաններով, ինչպես Երևանում է և մնացած համայնքներում՝ համահավասար պայմաններով։
Սոցիալական արդարության խնդիրներ կան, որոնք հիմնականում պետության լուծելիքն են, բայց համայնքն իր անելիքն ունի, թափառող շների խնդիր կա, զարհուրելի մի պատմություն։ Քաղաքի ինչ-որ հատվածներ վերածվել են խայտառակ շուկայի, այս ամբողջը կարգի բերելու համար, ինչ-որ մի առասպելական իմաստություն պետք չէ ունենալ, աշխարհը լիքը փորձ ունի, և այդ ամբողջությունը կիրառելու հմտություն մենք ունենք»,- հայտարարել է Լևոն Բարսեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։