Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում առաջին անգամ միջազգային մակարդակով անդրադարձել է Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Նախարարը խոսել է Բաքվում պահվող բոլոր հայ գերիների մասին՝ ընդգծելով նրանց իրավունքների խախտումները։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ՝ պարզելու, թե ինչու է Հայաստանի արտգործնախարարը միայն այժմ հրապարակային անդրադարձ կատարում։
Բադալյանի խոսքով՝ ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործվել է հենց այն ժամանակ, երբ միջազգային կարևոր միջոցառումն արդեն տեղի էր ունենում։
«Հիմա էր ժողովը, հիմա են դատավարությունները՝ մի քանի շաբաթ է, ինչ տեղի են ունեցել, ուստի հարմար էր հենց այս պահին բարձրաձայնել»,- նշեց նա։
Մեկնաբանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը շուրջ երկու-երեք ամիս է, ինչ սառեցրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ուստի հնարավոր է, որ Հայաստանի կողմից նման հռետորաբանությունն այս հանգամանքով պայմանավորված լինի։
«Սակայն առաջին անգամը չէ, որ Երևանը միջազգային հարթակում խոսում է այս խնդրի մասին։ Պարզապես այս անգամ օգտագործվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հարթակը՝ հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։