«Իրենք չեն պատկերացնում, երկրորդն էլ այս մարդիկ՝ նիկոլենք, ամեն ինչ առքուվաճառքի տեսանկյունից են դիտարկում, իրենց համար հայրենիք, սրբություն չկա։ Դուք չե՞ք նկատել Նիկոլի թիվ 1 օրակարգն ուտելն է, որն ինքն անընդահատ ասոցացնում է բարեկեցության հետ։ Նույնն արտաքին քաղաքականության ոլորտում է»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում կայացած ընտրություններից մեկ շաբաթ առաջ հանդիպել գործող կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, նրա հետ քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի գործընթացը, երբ բոլոր հարցումներով ակնհայտ էր, որ ընտրություններում վերջինս պարտվելու է։
Համբարյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանին սատարող այսպես կոչված փորձագիտական հանրության մեծ մասը ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պնդում էր, որ Թրամփը պարտվելու է Քամալա Հարիսին, բայց ընտրությունների արդյունքները այլ բանի մասին էին։ «Ժամկետնանց քաղաքական գործիչների հետ հանդիպումները. Բայդենի վարչակազմի օրոք օտարերկրյա պետությունների հետ ստորագրված երևի թե վերջին փաստաթուղթն այդ հանրաճանաչ փաստաթուղթն էր, որը Հայաստանի Հանրապետության հետ ստորագրվեց, և դա ոչ մեկին պետք չէր, ու հիմա Թրամփի վարչակազմն այն կարող է ամբողջությամբ չեղարկել։
Նույնն էլ Գերմանիայի պարագայում է. Օլաֆ Շոլցի պարտվելու մասին շատ վաղուց բոլորը գիտեին, Շոլցը կանցլեր դառնալու բացարձակ զրոյական շանսեր ուներ։ Ինքն էլ գիտեր այդ մասին, և այդ հարցումները 1-1.5 ամիս է՝ հրապարակվում էին եվրոպական և ռուսական մամուլում, բայց ո՛չ, Նիկոլը, ինչպես տեսնում եք, ջանադրաբար գնում է արդեն ժամկետնանց քաղաքական գործիչների հետ հանդիպում է, ինչ-որ համաձայնություններ է ձեռք բերում՝ շատ լավ հասկանալով, որ նրանց փոխարինողներն ուղղակիորեն դեն են շտպտելու «նախկինների» ունեցած ձեռքբերումներն ինչ-ինչ երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն այս մասին շատ լավ գիտի, սակայն խաղում է հանրությանը խաբելու վրա։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականությունն էլ է ասոցացնում ուտելու հետ։ Նա պնդում է, որ Փաշինյանն Արցախը Արցախը դավաճանաբար հանձնեց Ադրբեջանին և հանրության զգալի մասին խաբեց՝ այդ ամենը բարդելով նախկին իշխանությունների վրա.
«Այդ մարդը հասկանում է, որ գործ ունի դասական՝ մեծ մասամբ անգրագետ հանրության հետ, որին կարելի է խաբելով տանել կործանման։ Դուք նաև այս նույն օպերայի մեջ դիտարկեք, որ ինքը փորձում էր 3 նախագահներին ներքաշել իր հետ բանավեճի մեջ, որպեսզի բանավիճելու ընթացքում ինքն իբրևթե բացահայտի Արցախյան բանակցային գործընթացի մանրմասները։
Դիվանագիտությունից տարական հասկացող մարդը շատ լավ գիտի, որ բանակցությունը, որն ավարտվում է ապարդյուն՝ առանց փաստաթղթի ստորագրման, զրոյական հետևանքներ ունի բանակցողների համար։ Բայց ո՛չ, քանի որ Նիկոլը մեկ անգամ այդ կեղտոտությունն արել է և Արցախի հանձնումը գցել է նախկինների վրա, հիմա էլ նույն կերպ փորձում է Մեղրիի միջանցքը կամ Զանգեզուրի միջանցքը տալ Ադրբեջանին և կոնկրետ մեղավոր գտնել՝ ասելով, որ դրանում մեղավոր է Քոչարյանը, քանի որ 2 տասնամյակ առաջ դրա վերաբերյալ բանակցել է»։
Գագիկ Համբարյանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանին կերակրողն անգրագետ հանրությունն է, որը չի հասկանում, որ կարելի է բանակցել ամեն ինչի վերաբերյալ, բայց եթե այդ բանակցությունները փաստաթղթի ստորագրմամբ չեն ավարտվում, ապա դրանք զրոյական էֆեկտ ունեն։
Հիշեցնենք՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Օլաֆ Շոլցի հետ, նրան մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին: Շոլցն նշել էր, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Նախօրեին Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ: Ըստ նախնական տվյալների, այս ուժի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 28,5%-ը։ Գործող կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները տասնամյակների ընթացքում ամենավատ արդյունքն են գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների 16,4 տոկոսը:
Դավիթ Գույումջյան