Միջանցքը պայմանավորված պատերազմով կբացվի՞․ ինչպես չեզոքացնել այն
copy image url

Միջանցքը պայմանավորված պատերազմով կբացվի՞․ ինչպես չեզոքացնել այն

Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 17:55 20-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեկնաբանվում է որպես «Զանգեզուրի միջանցք», շարունակվում է մնալ օրակարգում։ Այս հարցն օրակարգից դուրս չեկավ անգամ Արցախի լիակատար հայաթափումից ու բռնազավթումից հետո՝ չնայած ՔՊ-ականների բոլոր հավաստիացումներին, որ իրենց վարած «փայլուն դիվանագիտության» դա հաջողվել և անգամ Ադրբեջանի նախագահն այլևս այդ մասին չի խոսում։

Իլհամ Ալիևը 2025 թվականի հունվարի 7-ին՝ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ««Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, և որքան շուտ Հայաստանը դա հասկանա, այնքան ավելի լավ»՝ ակնարկելով, որ եթե հայկական կողմը դա չանի իր կամքով, ապա Ադրբեջանը կարող է այն բացել ուժային ճանապարհով։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Ալիևի սպառնալիքներին՝ հիշեցնելով, որ հայկական կողմը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել, ինչպես նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին։

Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակաբար հայտարարում են, որ պատրաստ են Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովել՝ հայկական կողմի ինքնիշխանության ներքո, սակայն այս իրողությունը Բաքվին առանձնապես չի բավարարում, քանի որ վերջինս արտատարածքային միջանցք է պահանջում, որտեղ ՀՀ-ն որևէ ներկայություն չի ունենա։ Ավելին՝ այս նպատակով դեռևս 2022 թվականին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկեց պետական սահմանի Երասխի, Սոթքի և Քարահունջի հատվածներում անցակետեր բացել և ապահովել Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, բայց Ալիևն այս առաջարկը ևս մերժեց։

Փաստացի Ադրբեջանը մերժում է Հայաստանի բոլոր առաջարկները՝ փորձելով այդկերպ լեգիտիմ հիմքեր ստեղծել նոր հարձակման համար, որի պատասխանատվությունը կբարդի ՀՀ-ի վրա՝ պնդելով, որ հենց վերջինս չի կատարել իր պարտավորությունները։ Ներկայումս Բաքվի գործողությունները բացառապես պետք է հենց այս համատեքստում դիտարկվեն, իսկ նրա լռությունն ու պայմանական սահմանին տիրող հարաբերական անդորրը պայմանավորված են հենց այս սցենարին նախապատրաստվելու հանգամանքով։ Կարճ ասած՝ Ադրբեջանը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցք»-ը ուժային ճանապարհով բացելու գաղափարից և այժմ նախապատրաստվում է դրան՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքկաան նպաստավոր իրողությունների պայմաններում այն իրագործելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա վերջիններս զբաղված են արհեստական օրակարգեր ստեղծելով և հանրության ուշադրությունը շեղելով, և վերջիններս փաստացի ոչինչ չեն անում՝ պետության առջև ծառացած այս մարտահրավերներին դիմագրելու համար։ Պաշտոնական Երևանը սահմանափակվում է միայն հայտարարություններով՝ առ այն, որ Բաքվին միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, սակայն մեծ հաշվով դրանք ոչինչ չեն փոխում և չեն չեզոքացնում ագրեսիայի վտանգը։ Ավելին՝ Բաքուն լավագույնս շահարկում է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը ու փաստացի վերջինիս հաջողվել է այս հարցում ևս ապահովել Մոսկվայի աջակցությունը, և այժմ միայն Թեհրանն է, որը խոչընդում է այդ միջանցքի բացմանը։

Այսպիսով՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովել, սակայն ադրբեջանական կողմը մերժում է բոլոր առաջակները՝ նոր էսկալացիա հրահրելու և դրա պատասխանատվությունը ՀՀ-ի վրա բարդելու համար։ Կարծում ենք՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հայ-ադրբեջանական սահմանի իր հատվածում ձեռնամուխ լինի սահմանային անցակետերի կառուցմանը, որով դուրս կգա Ադրբեջանի լարած ծուղակից և հաղորդակցություն կապահովի վերջինիս ու Նախիջևանի միջև, ինչպես նաև այդ երկրին կզրկի իր ագրեսիվ մտադրությունները լեգիտիմացնելու հնարավորությունից։

Ներկայումս գնդակը փաստացի հայտնվել է Հայաստանի իշխանությունների դաշտում, որոնք կարող են լավագույնս օգտվել իրավիճակից և հայ-ադրբեջանական սահմանին անցկետեր բացելով չեզոքացնել ՀՀ-ի դեմ նոր պատերազմի վտանգը։

Հայկական կողմն այս ճանապարհով չի շարժվում, ինչը հանրության շրջանում ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ միջանքը հանձնվելու է Արցախի սցենարով՝ պայմանավորված պատերազմով․ Ադրբեջանը այն կգրավի ուժային ճանապարով, իսկ ՀՀ իշխանություններն էլ կհայտարարեն, որ այլ ելք չունեին, քան միջանցքի տրամադրումը, որով փրկել են Հայաստանի մնացած տարածքը և ավելի քան երկուսուկես միլիոն բնակչության կյանքը, սական բոլորովին այլ հարց է, որ դրանցից հետո աշխարհի քարտեզի վրա Հայաստան անունով պետություն այլևս գոյություն չի ունենա ․․․

Դավիթ Գույումջյան