«Փաստը, որ կողմերի միջև սկսվել են բանակցություններ և ըստ էության տրվել է գործընթացի մեկնարկ, վկայում է, որ ընդհանուր առմամբ հարաբերման սկզբունքների շուրջ կա փոխհամաձայնություն, բայց դետալային առումով հայտարարվեց, որ առաջիկայում կձևավորվեն առանձին խմբեր՝ Ուկրաինայի թեմայով, այլ հարցերով, որոնք դետալային կքննարկվեն»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև մեկնարկած բանակցություններին։
/Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան/Բադալյանը շեշտում է՝ դետալային քննարկումը ենթադրում է, որ յուրաքանչյուրը կողմը պայքարելու է իր դիրքորոշումների ու նպատակների համար։ Նրա խոսքով՝ սա հավանաբար կլինի մի քանի ամսյա մարաթոնային գործընթաց՝ ռուս-ամերիկյան բանակցային, որտեղ փորձ կարվի կոնկրետ համաձայնությունների գալ։
Oragir.News-ի հարցին՝ Ռուսաստանը Ուկրաինային տարածքային զիջումներ կանի՞՝ հաշվի առնելով, որ այժմ Մոսկվան բացառում է այդ հնարավորությունը՝ քաղաքական մեկնաբանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը տարածքային զիջումները բացառում է, բայց քաղաքականությունն այնպիսի գործընթաց է, հատկապես այսպիսի բանակցային բարդ և առանցքային պրոցեսները, որտեղ կարող են լինել ամենատարբեր բնույթի պայմանավորվածություններ։ Այսօր դժվար է պատկերացնել, որ լինի այդպիսի նահանջ՝ ռազմաճակատային գծից նահանջ։ Որևէ բան իհարկե չենք կարող բացառել, հատկապես երբ շատ քիչ բանից ենք տեղյակ, բայց պատկերացնել, որ նահանջ կլինի ռազմաճակատային գծից, շատ բարդ է։ Եվ ավելին՝ նույնիսկ հնարավոր է, որ այս ամիսների ընթացքում լինի որոշակի առաջխաղացում»։
Հակոբ Բադալյանը չի կարծում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ընդհանրապես որևէ այլ գործիչ կարող է խոչընդոտ լինել, եթե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կոնկրետ պայմանավորվածության գան որևէ էական հարցում։ «Առավել ևս Զելենսկին՝ այս դեպքում, առավելևս Ուկրաինայի դեպքում, երբ հասկանում ենք, որ դե ֆակտո այնտեղ պետություն գործնականում այլևս չկա»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ եթե ՌԴ-ին և ԱՄՆ-ին հաջողվի համաձայնության գալ, այն ինչպե՞ս կազդի Հարավային Կովկասի տարածաշրջանի և Հայաստանի վրա՝ Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ այն փաստը, որ ամերիկա-ռուսական երկխոսության գործընթաց է ծավալվում, այն արդեն դրական է։ Ըստ նրա՝ եթե այս երկու բևների միջև կա մեծ դիմակայություն, ապա դրանից Հայաստանի աշխատանքային տարածքն է նեղանում, ինչի ականատեսը մենք եղել ենք վերջին տարիներին․
«Այս առումով ամերիկա-ռուսական երկխոսությունը մեզ համար աշխատանքային տարածք է բացում, բայց աշխատանքային տարածքը դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Այստեղ արդեն հարցն այն է, թե մենք՝ որպես պետություն, ունե՞նք այդ որակները, թե՞ ոչ, ինչպիսի՞ ներուժ ունենք, ի՞նչ ենք մեզնից ներկայացնում՝ սկսած տնտեսությունից մինչև հասարակական հարաբերություններ, դիվանագիտություն և այլն։ Սրանից է կախված՝ մենք կարող ենք ստանալ, ակնկալել, ինչի կարող ենք հասնել»։
Հակոբ Բադալյանը հավելեց՝ սա ռիսկերի և հնարավորությունների գործընթաց է։ Ըստ նրա՝ այն ընդհանուր առմամբ դրական է, քանի որ բացում է աշխատանքի տարածություն, բայց այն պետք է նաև կարողանալ օգտագործել։
Հիշեցնենք՝ նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացան ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները՝ երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը, ինչպես նաև բարձր մակարդակի խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցությունը խթանելու համար։
Բանակցություններից ժամեր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Ուկրաինային և ասել, թե հիասթափված է Կիևի արձագանքից, որը դժգոհել էր, որ հրավիրված չի եղել Ռիյադի հանդիպմանը: Ֆլորիդայի իր կեցավայրում Դոնալդ Թրամփը նաև ուղիղ տեքստով քննադատել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ պնդելով, որ ուկրաինական խնդիրը կարող էր կարգավորել նույնիսկ անփորձ բանակցողը՝ ունենալով մարդկային և տարածքային ավելի քիչ կորուստներ:
Դավիթ Գույումջյան