Ակսել Բակունցի տուն֊թանգարանի և ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի նախաձեռնությամբ, «Միրհավ» հյուրանոցի օժանդակությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։
Օրվա հյուրն էր բանաստեղծի ծոռ, տերյանագետ, բ.գ.թ. Գևորգ Էմին-Տերյանը, ով ակտիվորեն զբաղվում է Վահան Տերյանի գրական ժառանգության ուսումնասիրությամբ, պահպանմամբ և հանրահռչակմամբ։

Տերյանագետը մշտապես ընդգծել է Տերյան ազգանունը կրելու պատասխանատվությունն ու կարևորությունը՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, և մեծ երջանկություն է կրել այդ ազգանունը։
Բանախոսության շրջանակներում Գևորգ Էմին֊Տերյանը անդրադարձավ Վահան Տերյանի կյանքի և գործունեության կարևոր անկյունադարձերին, գրական ձևավորման տարիներին, քաղաքական, հասարակական գործունեության քիչ հայտնի դրվագներին, գրական ուղղության, լեզվի, ոճի, փիլիսոփայության հարցերին, ժամանակակիցների հուշերին և տերյանագիտության արդի հիմնախնդիրներին։
Հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, մտավորական լայն ընտրանու ներկայացուցիչներ։

Բանախոսությունն ուղեկցվեց հարցուպատասխանով, ելույթներով և աշակերտների ասմունքով։
Տերյանական օրն ամփոփվեց Բակունցի տուն-թանգարանում`
ավանդական թեյախմության, գրքերի նվիրատվության և գրական ջերմ զրույցի շուրջ։

Վահան Տերյանի պոեզիան վերափոխեց հայ քնարերգությունը, բերեց նոր գույներ, մեղեդայնություն և խորություն։ Նրա գործերը մինչ օրս արդիական են և շարունակում են ներշնչել նոր սերունդների գրողներին ու ընթերցողներին։