Այս պահին տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով՝ 2018-2020թ, մինչև պատերազմ ու մյուսը՝ 2020 թվականից հետո մինչև 2023թ. սեպտեմբեր, իսկ 2019-ին Փաշինյանը չի ընդունել շատ հետաքրքիր առաջարկ, որն ընդունելի էր։ «Ըստ էության, նա հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Սա նշանակում էր, որ համանախագահողներին ասում է՝ էս դուք ո՞վ եք, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղեն եմ, եկել եմ, ինչ կուզեմ, էն էլ կբանակցեմ։ Ըստ էության, բանակցային գործընթացը մտցրեց փակուղի։ Հետո ասաց, Արցախը Հայաստանն է և վերջ։ Իսկ եթե Արցախը Հայաստանն է, և վերջ, ապա ինչի՞ մասին ընդհանրապես կարող են բանակցել, սա ըստ էության կոչ էր պատերազմի։ Այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ»։
Երկրորդ նախագահը, խոսելով Նիկոլ Փաշինյանի վարծ արտաքին քաղաքականության մասին, ընդգծեց․ «Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր»,- նշել է նա։
Քոչարյանը մեկնաբանել է նաև վերջին ընթացքում իր լռության պատճառները.
«Ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում։ Հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ: Չնայած իմ բոլոր ջանքերի, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին: Մի պահ մտածեցի, որ ճիշտ է, որ վարչապետին պետք է մենակ թողնել իր 600,000 վարչապետների հետ և նա ասի, թե ինչու է քաղաքացիների կյանքը վատանում»,-ասել է Քոչարյանը, ապա ընդգծել․ «Ակնհայտ է, որ Հայաստանում ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել»։