ՔՊ-ի հիմնական հույսը վարչական ռեսուրսի օգտագործումն է. քաղաքագետ
copy image url

ՔՊ-ի հիմնական հույսը վարչական ռեսուրսի օգտագործումն է. քաղաքագետ

Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 14:34 16-02-2025
Հանրապետության երկրորդ քաղաքը պատրաստվում է ՏԻՄ արտահերթ ընտրություններին։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռևս տրված չէ, բայց Գյումրիում արդեն սկսվել է նախընտրական եռուզեռը։ Թեկնածուների ու խոստումների պակաս չկա։

Գյումրիի ավագանու ընտրությունների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

- Պարոն Համբարյան, մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Շրջանառվում են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և թեկնածուների անուններ։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։

- Շատ նորմալ է, որ բավականին մեծ քանակությամբ քաղաքական ուժեր մասնակցում են Գյումրիի ավագանու ընտրություններին։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ հիմնական ֆավորիտները 4 քաղաքական ուժեր են և նրանց լիդերները, բայց նրանց անունները այս պահին չեմ տա, բայց հաստատ կարող եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ 50% +1 ձայն չի հավաքի։ Նաև նշեմ, որ այս պահի դրությամբ, իմ կարծիքով, 20% և ավելի ձայն հավաքող քաղաքական ուժ ևս չկա։ Եթե նրանց չհաջողվի ձևավորել կոալիցիա, ապա ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, և նոր ընտրություններ կկազմակերպվեն։

- Իշխանական և մերձիշխանական շրջանակները թիրախավորում են որոշ թեկնածուների՝ նրանց կապելով նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ կասեք այս մասով։

- Բերեք ճշտենք մեկ շատ կարևոր հանգամանք։ Եթե մարդը ժամանակին ինչ-որ հաջողություններ է ունեցել և պաշտոն է զբաղեցրել թեկուզ ոչ պետական կազմակերպությունում, ապա մեխանիկորեն այդ մարդը ունենում է ծանոթներ, ընկերներ, բարեկամներ, հարազատներ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե այս իշխանությունները ինչու՞ են կոնկրետ թիրախավորում միայն Ռուբեն Մխիթարյանին։ Էս պահի դրությամբ իրենց հետ մրցակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ավագանու ցուցակի թիվ մեկ անձնավորությունները բոլորը նախկինների հետ սերտ կապեր են ունեցել։ Սա մեկ և երկրորդ՝ բերեք ճշտենք՝ իրենք ում հետ են մեծամասամբ եղել, կամ ընդհանրապես իրենք ինչ անցյալ ունեն։ Էդ գրողների մեծ մասը 6-7 տարի առաջ ոչինչ է եղել բառի բուն իմաստով, որովհետև իրենք կյանք տեսած չեն։ Էս իշխանությունների ներկայացուցիչներից որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ իրենց թեկնածուն` Սարիկ Մինասյանը, կապ չի ունեցել նախկինների հետ։ Ամեն ինչ չափ ու չվան ունի... շատ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե էս երիտնիկոլականները շարունակեցին նույն ոճով, իրերը կոնկրետ ապացույցներով, փաստերով կդրվի իրենց դիմաց։ Հարցը միայն Ռուբեն Մխիթարյանին չի վերաբերվում։ Անընդհատ նախկիններին թիրախավորելը ի՞նչ է նշանակում։ Նախկին չէ՞ր Հրեշ Անդոն, որը իրենց սիրելի պատգամավորն է, օրինակ՝ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, որը նախկինների օրոք երկու տասնյակ տարուց ավելի զբաղեցրել է Առափի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հիմա նախկի՞ն է, թե ինչ է։ Այսինքն՝ այն նախկինները, որոնք պաչում են քայլիստների աջը, շատ նորմալ են, բայց այն նախկինները, որոնք չեն ցանկանում համագործակցել այս իշխանությունների հետ, կամ մարդիկ, ովքեր, լինելով հաջողակ գործարարներ, նախկինների հետ շփում են ունեցել, բայց իրենց հետ չեն շփվում, հիմա պիտակավորվում են։ Թող նստեն ու դիտարկեն Սարիկ Մինասյանի անցյալը։ Սարիկ Մինասյանը շատ լավ տղա է, բայց թող նայեն՝ ում հետ է ժամանակին համագործակցել և ում համար է աշխատել ընտրությունների ժամանակ։ Նայում ես էլի, ովքեր են քննադատում նախկինների հետ համագործակցածներին կամ ընդդիմությանը։ Պատմություն չունեցող, իրենցից ոչինչ չներկայացնող, դիլետանտ, խայտառակ ներկա ունեցողները։ Մարդկանց անձնական վիրավորանքներ են տալիս իրենց գրառումներով։ Քայլիստուհիներից մեկը գրել էր` հասարակ ծաղրածու։ Լավ դուք էդ աստիճանի՞ տգետ եք։ ԱՄՆ 40-րդ նախագահը Ռոնալդ Ռեյգանը կրկեսի դերասն է եղել և խաղացել է 19 ոչ շատ հայտնի ֆիլմերում։ ԱՄՆԿալիֆոռնիայի 38-րդ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շատ լավ դերասան է եղել։ Հիմա ինչ, կանգնեն պիտակակավորե՞ն։ Նորագույն Ռուսաստանում, օրինակ՝ ամենաազդեցիկ գործիչներից է եղել կրկեսի ծաղրածու և դերասան Յուրի Նիկուլինը։ Ինչ կարեւոր է մարդու մասնագիտությունը։ Օրինակ մարդ էլ կա, որ կենսաֆիզիկոս է, բայց իր էությամբ ոչնչություն է։ Ես քայլիստներին խորհուրդ եմ տալիս, որ վերջ տան իրենց այս լոշտակությանը, թե չէ շատ արժանի պատասխաններ կստանան։

- Պարոն Համբարյան, տարբեր հարցումները ցույց են տալիս իշխանության ցածր վարկանիշը։ Ի՞նչ եք կարծում՝ Գյումրիում ՔՊ-ն որևէ շանսեր ունի՞։

- ՔՊ-ի հիմնական շանսը վարչական ռեսուրսի օգտագործումն է։ Իրենք փորձեցին Սարիկի նման մարդու միջոցով բարձրացնել իրենց ռեյտինգը։ Սարիկը ինձ համար միշտ նորմալ մարդ է եղել, բայց ես երբեք Սարիկին ձայն չեմ տա, որովհետև ինքը ներկայացնում է ՔՊ-ն։ Իրենք, էսպիսի լկտի քարոզարշավ սկսելով, ավելի են վանում իրենցից։ ՔՊ-ն շատ ցածր վարկանիշ ունի և այդպես կշարունակի մնալ, որովհետև միայն բուրգի վերևում կանգնած Սարիկով հարցերը չեն լուծվում։