Ռուբեն Վարդանյանի նոր շինծու մեղադրանքը և ՈՄԱ-ի հերքումը, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:45 14-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Բաքուն փակ դռների հետևում՝ միջազգային կառույցների և անկախ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրում է արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։ Ադրբեջանական մեղադրանքներից անմասն չի մնացել նաև ՈՄԱ-ն, որը Հայաստանում գործող և ռազմաուսումնական դասընթացներ կազմակերպող հասարակական կազմակերպություն է: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով Ռուբեն Վարդանյանն իբր համաձայնության է եկել ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովի հետ և ֆինանսավորել է այդ կազմակերպությունը։ Oragir.News-ին ՈՄԱ-ից վստահեցրեցին, որ Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն՝ հերքելով Արցախի նախկին պետնախարարին ներկայացված շինծու մեղադրանքը։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հայտարարել է, որ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից ավելի քիչ գումար, համոզմունք հայտնել, որ բոյկոտը հաջողվել է: «Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ պահպանել տեմպը, շարունակել մեր իրազեկման ակցիաները, որովհետեւ անընդհատ ստանում ենք տեղեկատվություն, որ վարորդները սկսել են իրենց պահել ագրեսիվ, մեքենաները կանգնեցնում են, մարդկանց սադրում են կոնֆլիկտների: Հայկ Կոստանյանը խոսել է այն մասին, որ անթույլատրելի է, որ քաղաքացիները դիմում են ագրեսիայի, բայց լավ կլիներ, որ լինել օբյեկտիվ եւ ասեր նաեւ, որ անթույլատրելի է, որ մարդիկ անում են բաներ, որոնց համար լիազորված չեն օրենքով: Օրինակ, վարորդն իրավունք չունի մեքենան կանգնեցնի, ասի՝ մեքենան չեմ վարելու, հեսա քաղաքապետարանի աշխատողները կգան, ձեզ կասեն՝ որը որից հետո է»,-ասաց նա: Ավագանու անդամն ասել է նաև, որ այսօր իրազեկման ակցիան սկսել են բուհերից, իսկ ուսանողների դրական արձագանքն ուրախացնող է։

Փետրվարի 17-ին ասուլիս կտա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից՝ նշելով, որ կապահովվի դրա ուղիղ հեռարձակումը։ Ասուլիսի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք՝ երկրորդ նախագահը վերջին անգամ մամուլի ասուլիս էր տվել 2022 թվականի սեպտեմբերի 28-ին։

Այսօր թիվ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Կոստանյանը՝ պնդելով, որ տրանսպորտից օգտվելիս վճարում կատարելը պարտադիր է։

Մանրամասները՝ տեսանյութում: