«Ես իմ կարծիքը հրապարակային արտահայտել եմ՝ հեղինակի ներկայությամբ՝ գրքի շնորհանդեսի ժամանակ։ Նման կարևոր հարցը, որը վերաբերվում է Արցախյան պատերազմին, դրա նախապատմությանը, ընթացքին և հետևանքներին, չափազանց զգայում հարց է և այդ հարցին հրապարակային անդրադարձ կարող են կատարել միայն դրա նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող մարդիկ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վիգեն Չըթըրյանի և Աշոտ Ոսկանյանի համահեղինակած «44․ Պարտություն․ 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» հետազոտությանը։
Էդգար Ղազարյանը նշում է՝ հետազոտության մեջ հիմնական հեղինակի՝ Վիգեն Չըթըրյանի կողմից նման պատասխանատվություն չի նկատել, որովհետև դրանում տեղ գտած ձևակերպումներն ու թեզերը շատ նման են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստում ունեցած ելույթին։ Նա տպավորություն է ստացել, որ հեղինակներն այդ ելույթի թեզերի հիման վրա փորձել են միջազգային փորձագետի անունից, փորձագետի անվան տան ներկայացնել այն թեզերը, որոնք հանրությանը հրամցրել է Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ իմ հիմնական տպավորությունն այն էր, որ այս գրքով փորձում են արդարացնել պարտության հանգամանքները, թաքցնել փաստերը։ Պրոֆեսիոնալիզմի իմաստով աշխատանքը կատարված էր վերին աստիճանի ցածր մակարդակով․ անտեսված էին գլխավոր և կարևոր փաստերն ու իրադարձությունները, աշխատանքը համակարգված չէր, պարունակում էր ցաքուցրիվ՝ այստեղից-այնտեղից վերցրած տեղեկություններ, հիմնական տեղեկատվական հիմքը տարբեր մարդկանց հարցազրույցներն են, որոնք անմիջական պատերազմի ընթացքի համար անմիջական պատասխանատվություն են կրում, օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան, Սամվել Բաբայան, Հայկ Խանումյան և այլն։ Այս մարդիկ պատերազմի ընթացքի մեջ պատասխանատվություն ունեն, և նրանց հարցազրույցների հիման վրա Չըթըրյանը եզրահանգումներ է կատարել, ընդ որում շեղվելով նաև այն հարցաշարից, որը գրքի մյուս հեղինակը նախապես ներկայացրել էր։ Փաստացի կատարվել է վերին աստիճանի ցածր մակարդակի ուսումնասիրություն՝ ակնհայտ քաղաքական բովանդակությամբ և շեշտադրումներով, և հեղինակը փորձագետի անվան տակ պաշտպանում էր պրոիշխանական դավաճանական թիմին, բայց իր բովանդակությամբ այդ աշխատությունը փորձագիտական-մասնագիտական որակ առհասարակ չուներ»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ ներկայիս իրավիճակում իշխանությունների հանձնարարականո՞վ է նման գիրք հրապարակվել՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց՝ գրքում նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նա չի կարող ասել՝ դա ինչ կապ կարող է ունենալ իշխանությունների հետ, բայց գրքի բովանդակությունը ճիշտ այդպիսինն է։
«Ընդ որում, ասեմ, որ հիմնական հեղինակը՝ Վիգեն Չըթրյանը, ներկա է գտնվել վերջերս Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպմանը, իսկ Փաշինյանի հետ հանդիպման կարող են գնալ միայն նրա տեսակետները պաշտպանող, նրա քաղաքական գիծը, ուղղությունը պաշտպանող գործիչները։ Այսինքն՝ նա, ըստ էության, անազնվություն է անում, շատ անազնիվ մարդ է, որովհետև ակնհայտ քաղաքական շեշտադրումներով քաղաքական գործունեություն է ծավալվում՝ քողարկվելով փորձագետի՝ միջազգային համալսարանի փորձագետի անվան տակ»,- եզրափակեց նա։
Նշենք, որ Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չըթըրյանը և փիլիսոփայության դոկտոր, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր նախագահ Աշոտ Ոսկանյանը համահեղինակել են «44․ Պարտություն․ 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով հետազոտությունը։ Այս հետազոտությունն արվել է իշխանամետ քաղաքական և ռազմական գործիչների, փորձագետների ու պատերազմի մասնակիցների հարցազրույցների հիման վրա՝ արժանանոլվ անկախ փորձագետների խիստ քննադատությանը։
Դավիթ Գույումջյան