Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 11-ի միջազգային կարևոր լուրերը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։
«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակում ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ ճեպազրույցում Սիմոնյանը նշել էր, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:
Բաքվում «Ռուսական տունը» պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը՝ հետևելով Ադրբեջանի արտգործնախարարության պահանջին։
Ավելի վաղ Բաքուն Մոսկվային նոտա էր հղել՝ պնդելով, թե ռուսաստանյան կազմակերպությունը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը և օրինական գրանցում չի ստացել։
Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ այս հարցը կարող է քննարկվել ամենաբարձր մակարդակով՝ առանց հավելյալ մանրամասների։
Մանրամասները՝ տեսանյութում: