«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Այսօր Երեւանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով: Ինչպես նախորդ նիստին, այսօր եւս իշխանականների ու ընդդիմադիրների միջեւ հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Օրակարգում լինելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով:
◦ Փաստ» օրաթերթը գրում է.Օրերս հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Սպայկա» ընկերություն: Ընդ որում, նա միայնակ չի եղել. այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես այցի նպատակ, նշված է «ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալը»: Ինչի՞ մասին է խոսքը, արդյո՞ք մեր տնտեսության մեջ կակաչներն այնպ ի սի եղա նակ են ստեղծում , որ առանձին վերցրած նման ուշադրության պատճառ են դարձել: Պարզվում է՝ իսկապես «Սպայկան» տարեցտարի ավելացնում է կակաչների արտադրությունը: Ընդ որում՝ դրանք բացառապես արտահանվում են միջազգային շուկա: Մասնավորաբար, եթե 2023 թվականին այստեղ աճեցրել են 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Ավելին, այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։
◦ Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել ու, 6 ամիս կալանավորվելուց հետո, ազատ արձակվել: Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հետագայում տեղափոխվեց զինվորական քննչական բաժին:
◦ Հրապարակ օրաթերթը գրում է․Երեկ ահազանգ ստացանք, որ աշխարհազորայինների վարձատրությունն էականորեն կրճատել են` նախկին 200 հազար եւ ավելի գումարը դարձնելով 120-130 հազար դրամ։ Հիշեցնենք, որ աշխարհազորայինները կամավորականներ են, որոնք պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ եւ սահման են պահում, դիրքեր են բարձրանում` հերթափոխով։ Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, խնդիրը ոչ այնքան փողն է, որքան պետության՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ «Երեւանի փողոցներում փայտիկ պտտեցնող, միջնակարգ կրթությամբ պարեկները, փաստորեն, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ սահման պահողները՝ երեք անգամ պակաս»,- ասում էր մեզ դիմած աշխարհազորայինը։
◦ Հրապարակ օրաթերթը գրում է․Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետեւանքով նաեւ որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, եւ, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։