«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին։ 30 ծանուցվածների մեծ մասը «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներն են, որոնց Քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության։ Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա՝ իրենք չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրի հանդեպ քաղաքացիների տածած ատելությունից ելնելով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է 720 հազար անձից հայտարարագիր կորզել՝ գայթակղիչ թվեր հնչեցնելով։ Երեկ վարչապետը բացահայտ կաշառք էր առաջարկում: Նա, նախ, «Ընտանեկան փոդքաստի» 5-րդ թողարկման ժամանակ հավաստիացնում էր, որ եկամուտները հայտարարագրելուց հետո քաղաքացիներին, ենթադրաբար պետական բյուջեից, վերադարձվելու է, որոշակի գումար, որը կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դռնփակ նիստը բավականին լարված է անցել ու, կարելի է ասել, տապալվել է, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը, որը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 28-ին, չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Տեղեկացանք, որ ծնողները կոնկրետ հարց են տվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Արգիշտի Քյարամյանի կողմից արված հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Արթուր Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Հրավիրել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետին` Հովհաննես Վարդանյանին, ով եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Սակայն Վարդանյանը, թեեւ Ազգային ժողովում է եղել, բայց հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Հրապարակ օրաթերթը գրում է․
Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։
Հիշեցնենք․ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում:
Հրապարակ օրաթերթը գրում է․Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյում: Այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը եւ հետեւողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունները ցեղասպանության, Արարատի եւ մնացածի մասին, սեփական թիմի մեկնաբանությամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով սիրաշահել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ, ըստ որոշ լուրերի, ուղիղ կապի մեջ է, համոզել, որ Էրդողանն Ալիեւին պարտադրի՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին ու ՔՊ-ին օդուջրի պես հարկավոր է` ընտրությունների գնալու եւ վերարտադրվելու համար։