Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալը շատ փորձագետների կողմից դիտարկվել է որպես ամերիկա-չինական հակամարտության հերթական փուլի սկիզբ, գրում է life.ru-ն։ Ինքը՝ Թրամփը, իր նախընտրական ելույթներում բազմիցս հասկացրել է, որ Սպիտակ տանը գտնվելու առաջին օրերից Չինաստանը կիմանա իր տեղն ու դերը։ Սակայն առայժմ մրցակցության հոտ չի գալիս։
Թրամփը Սի Ցզինփինին հրավիրել է իր երդմնակալության արարողությանը, և թեև Սին հրաժարվել է, հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և իր փոխարեն ԱՄՆ է ուղարկել Չինաստանի փոխնախագահ Հան Չժենին, ով հանդիպել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Եթե Վենսի հետ հանդիպումը տրամաբանական էր (ըստ մակարդակի, ինչպես ասում են), ապա Իլոն Մասկի հետ հանդիպումը հարցեր է առաջացրել։
«Հանդիպումը, հավանաբար, կուժեղացնի ենթադրություններն այն մասին, որ միլիարդատերը կարող է պոտենցիալ կապող օղակ դառնալ Թրամփի նոր վարչակազմի և Չինաստանի բարձրագույն առաջնորդների միջև»,-գրում է Forbes-ը:
«Չինաստանը Tesla-ի համար երկրորդ ամենամեծ շուկան է։ Միայն 2024 թվականի երրորդ եռամսյակում Tesla-ն չինական շուկայի հաշվին վաստակել է 5,7 միլիարդ դոլար»,-հիշեցնում է CNN-ը։
Դատելով ՉԺՀ-ի պաշտոնական մամուլի հաղորդագրություններից՝ Հան Չժենը Մասկին առաջարկել է դիտարկել չինական տնտեսության հետ համագործակցության խորացման հնարավորությունը։ Բացի այդ, նա հանդիպել է ամերիկյան բարձր տեխնոլոգիական բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ, և այդ բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ այժմ դարձել են Թրամփի եթե ոչ կատաղի, ապա գոնե հնազանդ կողմնակիցները:
«Երդմնակալությանը մասնակցած ղեկավարներից շատերը գործարար աշխարհի առաջին ներկայացուցիչներից էին, ովքեր քննադատում էին Թրամփին նրա առաջին պաշտոնավարման ընթացքում՝ խոսելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ներգաղթը»,-նշում է BBC-ն:
Այժմ այդ բոլոր կերպարները հետաքրքրված են չինական շուկա մուտք գործելով, որտեղ նույն Google-ը և Meta-ի մի շարք ապրանքներ արգելված են։ Ընդ որում, տեխնոհսակների ղեկավարներ Բեզոսի, Ցուկերբերգի և Մասկի միագումար կարողությունը մոտենում է տրիլիոն դոլարի, իսկ վերջինս հարյուրավոր միլիոններ է ներդրել Թրամփի նախընտրական արշավում: