Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի միջև դատական քաշքուկները շարունակվում են։
Հունվարի 11-ին ՀՖՖ-ն շտապեց հայտարարել Արթուր Սողոմոնյանի, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած «Լոկոմոտիվ» ՖԱ-ի նկատմամբ դատական գործընթացներում հաղթանակների մասին։
Ֆեդերացիան մասնավորապես հայտնել էր․ «Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ»։
Արթուր Սողոմոնյանը, ով օրերս դադարել է հանդիսանալ «Փյունիկ» ՖԱ-ի փաստացի սեփականատերը, քանի որ այն ձեռք է բերել Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերը, պատասխանել է կառույցին և նրա նախագահին՝ նշելով, որ իրավիճակը լրիվ այլ է․
«Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ, որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ դեմ ներկայացված դատական հայցի մասով․ Պահանջը պատվի և արժանապատվության վերականգնում էր: Սույն դատական պրոցեսը ձգվեց երկու տարուց ավել: Չցանկանալով խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ ու ցանկանալով հնարավորինս պարզ բացատրել իրավիճակը, ասեմ, որ դատարանը որոշել է, որ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված իմ արտահայտությունները չեն որակվում պատիվն ու արժանապատվությունը արատավորող՝ քանզի չկա հրապարակավ ներողություն խնդրելու պահանջ:
Այլ կերպ ասած՝ հայցի հիմնական պահանջի մասով Արմեն Մելիքբեկյանը պարտվել է: Դատարանը նաև չհիմնավորված է համարել Մելիքբեկյանի պահանջների զգալի մասը՝ պետական, հովանավորչական ու միջազգային կազմակերպություններից ստացված գումարների ոչ արդյունավետ ծախսելու մասով, սույն մասերով հերքման պահանջ ևս չկա: Խոսք չկա նաև իմ կողմից արված այն արտահայտություններն, որոնք վերաբերում էին ՀՖՖ կողմից հիմնադրված ԲԿՄԱ ակումբին, որ ՀՖՖ ղեկավարությունը այն դարձրել է բարձրաստիճան անձանց զավակներին ու իրենց շրջապատի մարդկանց բանակից ազատելու միջոցի, որտեղ երկու տարի մնալուց հետո հիմնականում նրանք հեռանում են ֆուտբոլից: Վճռի մեջ չկա նաև հերքման պահանջ ուղղված ինձ, այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում են հավաքականին տեղափոխող չարթերային թռիչքներով ոչ ֆուտբոլային մարդկանց տեղափոխելուն։ Թերևս հայցվոր կողմը չի կարողացել հիմնավորել, թե ինչ կապ ունեն կոնկրետ 4 թռիչներով հավաքականի հետ մեկնած անձիք ազգային թիմի հետ: Չցանկանալով այս փուլում ամբողջովին մանրամասնել դատական գործը՝ հայտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է ինձ հայցվոր կողմին վճարել 800հզ դրամ»։
Oragir.News-ը հետևում է իրադարձությունների ընթացքին, և առաջիկայում ծավալուն անդրադարձ կկատարենք թեմային, ինչպես նաև կներկայացնենք կողմերի տեսակետները։