Լոս Անջելեսում աննախադեպ հրդեհները շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ հինգ մարդ մահացել է, ավելի քան 150 հազարը տարհանվել է։ Աղետը ազդել է հատկապես Պալիսադեսի տարածքի և Հոլիվուդի բլուրների վրա: Աշխարհահռչակ աստղերը կորցրել են իրենց տները՝ դերասաններ Էնթոնի Հոփքինսը, Ադամ Բրոուդին, երգչուհի Փերիս Հիլթոնը և այլք։
Կալիֆոռնիայի անտառային հրդեհները սկսվել են երեքշաբթի օրը՝ հունվարի 7-ին, և դարձել Լոս Անջելեսի պատմության մեջ ամենակործանարարը: Միայն քաղաքում հրդեհը ոչնչացրել է առնվազն երկու հազար շենք։
Հրդեհն ընդգրկում է ավելի քան 60 քառակուսի կիլոմետր տարածք։ Մալիբու և Սանտա Մոնիկա քաղաքների միջև ընկած տարածքը առաջին հերթին հայտնի է իր շքեղ անշարժ գույքով: Հենց այստեղ են ապրում հոլիվուդյան գլխավոր աստղերը։ Նրանցից շատերը կորցրել են իրենց տները կամ ստիպված են եղել տարհանվել։
Տուժածների թվում են ամերիկացի դերասաններ Ադամ Բրոուդին և Լեյթոն Միսթերը: Հրդեհը պատել է նրանց տան մի քանի հարկերը: Ամբողջությամբ այրվել է շենքի տանիքը.
Զույգը գույքը ձեռք է բերել 2019 թվականին 6,5 միլիոն դոլարով։ Գրեթե երկու հազար քմ մակերեսով եռահարկ տունն ուներ հինգ ննջասենյակ և վեց լոգասենյակ: Այնտեղ դերասաններն ապրում էին երկու փոքր երեխաների հետ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհն ամբողջությամբ ավերել է 87-ամյա դերասան Էնթոնի Հոփքինսի տունը։ Դերասանը դեռ չի մեկնաբանել այս մասին։
Փերիս Հիլթոնի Մալիբուի առանձնատունը ևս այրվում է։ Երգչուհին Instagram-ում երկարատև գրառում է նվիրել հրդեհին, որում պատմել է, որ իր տունն ամբողջությամբ այրվել է։
Դերասան Բիլլի Քրիսթալը և նրա կինը՝ Ջենիսը, կորցրել են իրենց տունը, որտեղ ապրում են 46 տարի։
«Ես ու Ջենիսն ապրում ենք մեր տանը 1979 թվականից։ Մենք այստեղ ենք մեծացրել մեր երեխաներին ու թոռներին։ Մեր տան յուրաքանչյուր թիզը լցված էր սիրով: Հրաշալի հիշողություններ, որոնք հնարավոր չէ խլել: Իհարկե, մեր սիրտը կոտրված է, բայց մեր երեխաների և ընկերների սիրով մենք կհաղթահարենք դա»,- հայտարարել են նրանք:
Դերասան Ջեյմս Վուդսը չի կարողացել զսպել արցունքները CNN-ի եթերում իր տան կորստի մասին խոսելիս։
«Երեկ դու վայելում էիր լողավազանը, իսկ այսօր դա դժոխքի պես է. քաոսը պատել է ամբողջ տարածքը... Ես կարծում էի, որ սրանից ավելի ուժեղ կլինեմ...»,- ավելացրեց նա։
Օսկարակիր դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը, ով նույնպես լքել է Լոս Անջելեսը, Instagram-ում կոչ է արել օգնել բոլորին, ովքեր ցնցում և վիշտ են ապրում իրենց տների կորստի և ամբողջ բնակելի տարածքների ավերման պատճառով: