Մոսկվան և Բաքուն պասերով են խաղում․ Մինսկի խումբը լուծարելով՝ փորձում են Արցախի հարցը մեկընդմիշտ փակել
copy image url

Մոսկվան և Բաքուն պասերով են խաղում․ Մինսկի խումբը լուծարելով՝ փորձում են Արցախի հարցը մեկընդմիշտ փակել

Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 15:30 26-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն կորցրել է իր արդիականությունը ու նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման։ Նրա համոզմամբ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը նման համատեղ առաջարկ անեն։

Զախարովան ընդգծել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2022 թվականի փետրվարից ի վեր դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն նշեց՝ արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գրեթե պասերով են խաղում և մի շարք հարցերում գրեթե միանման հայտարարություններ են անում։ Նա հիշեցրեց, որ Մոսկվան ու Բաքուն վերջերս էլ Հայաստանի ԵՄ դիտորդների դուրսբերման վերաբերյալ էին միանման հայտարարություններ արել, իսկ այժմ էլ նույնը տեղի է ունենում Մինսկի խմբի լուծարման համատեքստում․

«Հետևաբար այստեղ զարմանալու բան չկա, իսկ թե ինչու է նման հայտարարություն արվում, ապա Ռուսաստանն ուզում է կոնֆլիկտը լուծել իր ուզած ձևով, իսկ ավելի ճիշտ ուզում է, որ այն առհասարակ չլուծվի։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծվել է Արցախի խնդիրը լուծելու համար, իսկ դրա լիարժեք լուծումը չի բխում Ռուսաստանի շահերից, Ռուսաստանն ուզում է, որ կոնֆլիկտը սառեցվի, բայց չլուծվի, սառեցված մնա ու որ պահին նորից պետք լինի՝ ապասառեցնի և կողմերի վրա ճնշումներ գործադրի։ Դրա համար էլ պահանջում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, ինչը չի նշանակում, որ կոնֆլիկտը լուծվել»։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում համատեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գործընթաց նախաձեռնեն՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին՝ Արմեն Վարդանյանը բացասական պատասխանեց, նշեց՝ Հայաստանը նման հարցով չի դիմելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչը Ադրբեջանի երազանքն է։ Նա վստահ է նաև, որ որոշ ժամանակ հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին վերադառնալու է։

«Հիմա Ուկրաինայի պատերազմի հետ կապված Մինսկի խմբի համանախագահ երկրներից 2-ը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, գրեթե չեն շփվում Ռուսաստանի հետ, բայց եթե որոշ ժամանակ անց՝ 1-2 տարի հետո, երբ Ուկրաինայի պատերազմը դադարեցվի ու այս ընթացքում միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերով որոշումներ կայացվեն, այդ ժամանակ Արցախի հարցը կրկին մեջտեղ է գալու։ Ուզենք, թե չուզենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախի հարցը նորից բերելու են հրապարակ, որովհետև կոնֆլիկտն ըստ էության չի լուծվել, ինչքան էլ Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծել է ու այլևս բանակցելու բան չունի։ Դա իրականությանը չի համապատասխանում, դա այդքան էլ այդպես չէ։ Հետևաբար՝ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար չի դիմելու»,- կարծում է նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ Արմեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ այն պետք է դիտարկել ներքաղաքական համատեքստում։ Նա շեշտում է՝ հաջորդ ընտրությունները մոտենում են, և Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը․ «Նա գիտի, որ 2026 թվականին հասարակությունն իրենից մի շարք հարցերի պատասխաններ է պահանջելու, այդ թվում, թե ինչու վերջնականապես կործանվեց Արցախը և այլն։ Ուստի նա հիմիկվանից փորձում է իր վրայից այդ մեղքը գցել։ Այս հարցը պետք է դիտարկել ներքաղաքական համատեքստում»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը դիտարկել խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այստեղ շատ նուրբ խաղ է ընթանում։

«Փաշինյանը շատ լավ գիտի, որ Ալիևը մտադիր չէ խաղաղության պայմամնագիր ստորագրել, դրա համար այսպիսի պայման է դնում։ Այսինքն՝ իր հայտարարությունները նա վերապահումներով է անում՝ վստահ լինելով, որ Ալիևը դրան չի համաձայնելու։ Ասում է՝ ԵՄ դիտորդներին կհանեմ, բայց ներկայումս բանակցություններ են ընթանում, որ դիտորդների գործունեության ժամկետը ոչ միայն երկարաձգվի, այլև մեծացվի նրանց քանակը։ Այսինքն՝ եթե Հայաստանը մտադիր լիներ դիտորներին դուրս բերել, ապա ԵՄ-ի հետ զուգահեռաբար նման քննարկումներ չէր սկսի։ Ուստի սա շատ նուրբ հարց է, շատերը կա՛մ չեն հասկանում, կա՛մ իրենց քաղաքական նպատակներից ելնելով այդ կերպ են մեկնաբանում, բայց իրականում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը, այնպես էլ դիտորդների դուրսբերումը չի լինելու, Հայաստանը նման բան չի անելու, պարզապես ասում է՝ արի՛, ստորագրենք պայմանագիրը»,- ասաց նա։

Արմեն Վարդանյանը հավելեց նաև, որ Փաշինյանը նախկինում ևս մի քանի նման մարտահրավեր նետել է Ադրբեջանին՝ ասելով, որ պատրաստ է ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց դա տեղի չի ունեցել։

Դավիթ Գույումջյան