Խառնվելու իրավասություն չունենք․ նախարարությունը՝ պետական ՓԲԸ-ի չվճարված աշխատավարձերի մասին
copy image url

Խառնվելու իրավասություն չունենք․ նախարարությունը՝ պետական ՓԲԸ-ի չվճարված աշխատավարձերի մասին

Ներքին 3 ամիս առաջ - 21:54 23-12-2024
Մինչ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներն պահանջում են տարիներով կուտակված իրենց աշխատավարձերը, նախարարությունից պատասխանում են, որ այդ հարցում պատասխանատուն ոչ թե իրենք են, այլ տվյալ ընկերությունը։

«Իրենք ՓԲԸ են, ոչ թե ՊՈԱԿ, հետևաբար նախարարությունը նման հարցին խառնվելու իրավասություն չունի»,- հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։

Նշենք, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է, որ երկար ժամանակ, հատկապես 2024 թվականին չի վճարվել աշխատակիցներին։

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր խնդրին, զրուցել էր նաև ընկերության տնօրեն Գայանե Սարգսյանի հետ, վերջինս հաստատել էր լուրը՝ աշխատակիցների պարտքերը դեռ չեն մարվել․
«Այդ հարցը դեռ քննարկվում է, որոշակի քանակ մարվել է»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն այս խնդրին ուղիղ 1 տարի առաջ էր անդրադարձել, երբ աշխատողները բողոքում էին, որ ամեն ամիս իրենց աշխատավարձերից պահվում են, ինչի հետևանքով հսկայական պարտք է կուտակվել:

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության, որի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։

Կազմակերպությունը սկզբում գտնվում էր Գյուղատնտեսության, ապա նրա լուծարումից հետո Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ իշխանությունը միտումնավոր այս ընկերությունը տանում է սնանկության: