Արտահերթ նիստ չի լինի, մարզչին հայհոյել են, բուքմեյքեր թաղապետը, շորթման մեղադրանք. Մամուլ

Մամուլ 3 ամիս առաջ - 11:28 21-12-2024
Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 21-ի մամուլի տեսությունը․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է: Թերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ պատգամավորներն արդեն պատրաստվում են Ամանորին. նրանց մի մասը մարզերում է, մի մասն էլ երկրում չէ, ուստի որոշվեց նիստը չեղարկել: Օրենսդիրն աշխատանքը կվերսկսի 2025 թվականի հունվարից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանդարտվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը օրեր առաջ վիճաբանություն է ունեցել ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ, պատճառն այն է եղել, որ ՖԱՖ-ի ներկայացուցիչները պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի հրաշքներ են կատարվում ՔՊ-ականների կյանքում։ Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ։ Եվ ահա, Սերոբ Սարգսյանի հայտարարագրերի համաձայն՝ նա 2024 թվականին ձեռք է բերել «Շեվրոլե» մակնիշի մեքենա և բնակարանի ձեռքբերման գործարքներ է արել՝ 27.6 միլիոն դրամի շրջանակում։

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։ Գրում է Հրապարակ օրաթերթը։

Թերթը նաև գրում է․ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեպքերով, եւ պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։ Մեծ մասը պարտադիր ժամկետային զինծառայողներ են։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձեւական կարգավիճակը: Չնայած Փաշինյան-Ալիեւ տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, եւ անգամ «Արցախ» բառը չկիրառվի: ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձեւակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։

Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են։ ՔՊ-ում կարծում են, որ Ղահրամանյանն էլ «հրեշտակ» չէ: Օրինակ, նրա դաշնակցական հորեղբոր՝ Գագիկ Ղահրամանյանի կինը` Արուս Միրզոյանը, ղեկավարում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցը, չնայած ՔՊ-ում կարծում են, որ ՀՅԴ-ական ամուսին ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի։ Գրում է Հրապարակ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ։ Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս։