ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, իր հայտարարած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում նախօրեին այցելել էր Երևանի պետական համալասարան, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և մի քանի ուսանողի հետ։
«ԵՊՀ ղեկավար կազմի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների և ուսանողների հետ քննարկեցինք «կրթվելը նորաձև է» գաղափարը, կրթվելը մեր հանրային առավել լայն միջավայրում նախ նորաձև, ապա նորմա դարձնելու ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այս նպատակի համար պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը, առօրյա կյանքում ամեն քայլափոխի նույնականացնել և ճանաչել տգիտությունը և բարձրաձայն ընդդիմանալ դրան, չվախենալ ու չամաչել «Չգիտեմ» բառն ասելուց և սովորել այնպիսի կարևոր հմտություններ՝ ինչպիսիք են, օրինակ, ուրախանալը, կամ մեդիագրագիտությունը, կամ ընտանեկան բյուջեն վարելու ֆինանսական գրագիտությունը և այլն և այլն։ Շնորհակալ եմ ինձ լսելու, գաղափարը հարստացնելու և արշավի ակտիվ մասնակից դառնալու պատրաստակամության համար։ 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հակոբյանը և կից տեսանյութ հրապարակել։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտոր Արման Մալխասյանը, ԵՊՀ գիտական խորհդի քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներ Սեյրան Սուվարյանը և Արսեն Գրիգորյանը։
Oragir.News-ը կապ հաստատեց
ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանի հետ, վերջինս 2013-2017 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի խորհրդականը։
Մալխասյանին հարցրեցինք՝ ի՞նչ տպավորություն ունի Աննա Հակոբյանի մասնակցությամբ քննարկումից, ինչպե՞ս են որոշել նրան հյուրընկալել Մայր բուհում։
«Մեր մամուլի խոսնակին զանգեք»,- պատասխանեց Մալխասյանը։
Դիտարկմանը, որ ուզում ենք իր անձնական կարծիքը լսել, որը մամուլի խոսնակը վստահաբար չի կարող փոխանցել, Մալխասյանն այսպես արձագանքեց։
«Ես ուզում եմ, որ դուք մամուլի խոսնակի հետ խոսեք։ Իմ անձնական տեսակետը թող մնա իմ մեջ, լա՞վ»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը։
ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանի հեռախոսն անջատված էր, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը հեռախոսազանգերին չպատասխանեց։
Կապ հաստատեցինք
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի հետ, վերջինս չհերքեց, որ ներկա է եղել հանդիպմանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ընտրվել հենց իրենց ֆակուլտետը, հրավերն իրե՞նց կողմից է եղել, թե՞ ԵՊՀ ղեկավարությունն է այդպես որոշել, Սուվարյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող պատասխանել, հիմա գնում եմ Գիտխորհդրի նիստի, այսօր զբաղված եմ, կներեք, այս 2 օրը հարմար չի լինի»։
Խնդրեցինք շատ կարճ կիսվել հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով, ինչին ամբիոնի վարիչն այսպես արձագանքեց.
«Չեմ կարող ասել»։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանն էլ ասաց, որ դասի է, իսկ հետո պետք է ներկայանա Գիտխորհդի նիստի։
«Երեկոյան կարող եմ խոսել»։
Փաստացի, Աննա Հակոբյանի հետ հանդիպած ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից որևէ մեկը մի քանի րոպե ժամանակ չհատկացրեց, որպեսզի պարզեինք, թե արդյոք գո՞հ են հանդիպումից։ Կամ արդյոք Աննա Հակոբյանը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» «Ողբ» գլխից կամ այլ հատվածից մեջբերումներ արե՞լ է։
Ակնհայտ է, որ ԵՊՀ-ում բոլորը խուսափում են լրատվամիջոցների հետ շփումից, ըստ երևույթին՝ «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար։
Գուցե ԵՊՀ ռեկտորը կամ ԵՊՀ հոգաբարձուների խորհդի նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է նման հրահանգ իջեցրել, որ բուհի որևէ աշխատակից որևէ հարցով մեկնաբանություն չտա ԶԼՄ-ներին։
Նարեկ Խաչատրյան