Հյուպատոսը ճողոպրել է. հալեպահայերը պաշտպանության արժանի չե՞ն 
copy image url

Հյուպատոսը ճողոպրել է. հալեպահայերը պաշտպանության արժանի չե՞ն 

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 05-12-2024
Օրեր առաջ Գանձասար պարբերականը տեղեկացրեց, որ Հալեպում բախումների սաստկացումից առաջ ՀՀ Մարդասիրական խումբը մեկնել է Հալեպից, մեկնել է նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը։ Սիրիայի հայկական համայնքի պատասխանատու մարմինները տեղյակ չեն եղել հյուպատոսի ճողոպրումից, ինչը մտահոգություն է առաջացրել համայնքի ներսում։ Ավելի ուշ գլխավոր հյուպատոսը հաստատել է, որ նախքան բախումներն արդեն իսկ մեկնել էր Դամասկոս՝ իր հավատարմագրերը հանձնելու, ինչից հետո դեպի Հալեպ ճանապարհը փակվել է, և նա իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Նույն պարզաբանումը տարածել է նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Ինչու՞ է Հալեպում ՀՀ հյուպատոսը մենակ թողել հալեպահայությանը։

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը նախապես տեղյակ է եղել Հալեպի վրա կազմակերպված հարձակման վերաբերյալ։ Ենթադրելի է, որ այդ մասին ՀՀ իշխանություններին տեղեկացրել է ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը։ Եվ հյուպատոսը ՀՀ իշխանության կոնկրետ ցուցումով է լքել Հալեպը։ Կարելի է ասել, որ այս անպատասխանատու մոտեցումը լիարժեք արտացոլում է ՔՊ-ական իշխանության վերաբերմունքը Սփյուռքի հանդեպ։

Փորձագետները բազմիցս խորհուրդ են տվել ՀՀ իշխանություններին տարհանել սիրիահայերին, տեղափոխել Հայաստան և ապահովել նրանց սոցիալական պայմանները մինչև Սիրիայի հարցը կկարգավորվի։ 2016-ին, երբ սրվեց իրավիճակը Սիրիայում, բազմաթիվ սիրիահայեր տեղափոխվեցին հայրենիք։ Իշխանությունները, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարությունը նրանց համար մի քանի ծրագրեր իրականացրեցին, արտոնություններ սահմանվեցին։ Սիրահայերի մեծ մասը հետագայում հեռացավ Հայաստանից։ Որոշ ընտանիքներ հարմարվեցին։ Երևանցու համար տեսանելի էր մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից գետնանցումի կրպակները, որոնց տերերը սիրիահայեր էին, մանր առևտուր էին անում, կարողանում էին որոշակի եկամուտ ստանալ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը էապես վերանայել է Սփյուռքի հանդեպ վերաբերմունքը։ Լուծարվել է Սփյուռքի նախարարությունը։ Սփյուռքին վերաբերվող ծրագրերը կրճատվել են։ Սփյուռքահայերի ներգաղթը չի խրախուսվում։ Նույնիսկ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի սիրիահայերի կրպակները փակեցին ագահ չինովնիկները։ Այս ամենը ցույց է տալիս, որ սիրահայերի խնդիրը ՔՊ-ին չի հետաքրքրում։

Այս մասին պարզ ակնարկեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում. «Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան»:

Պարզ ասվում է, որ ՔՊ-ական իշխանությունը սահմանափակվում է միայն ՀՀ տարածքով։ Սփյուռքը, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները ՔՊ-ական իշխանության պաշտպանությունը չեն կարող ակնկալել։ Փաշինյանն այս օրերին որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, հալեպահայերին չեն հրավիրել Հայաստան։ Նույնիսկ չեն հայտարարել հալեպահայերի սոցիալական խնդիրների համար մարդասիրական օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին։

Այս համապատկերում բնական է, որ Հալեպում ՀՀ հյուպատոսը պետք է լքեր համայնքը, իսկ մարդասիրական առաքելությունը պետք է վերադառնար Երևան։ Զարմանալի չի լինի, որ Փաշինյանն այսօր հայտարարի, որ ՀՀ-ին բացարձակապես չի հետաքրքրում այն, ինչ կատարվում է Հալեպում, քանի որ Հալեպը ՀՀ տարածքում չի։

Իսկ եթե այս գնահատականները չափազանցված են, և ՔՊ-ական իշխանությունը անտարբեր չէ հալեպահայերի հանդեպ, ապա Սփյուռքի հարցերով հանձնակատարը, ԱԳՆ-ն ու ԱՍՀՆ-ն Կառավարության նիստում կներկայացնեն հալեպահայերի ներգաղթը կազմակերպելու, նրանց սոցիալական խնդիրները մեղմելու, արտոնյալ պայմաններով ՀՀ քաղաքացիություն տրամադրելու ծրագիր, կցրեն սփյուռքահայերի և քննադատների կասկածները, թե ՔՊ-ն մտածում է միայն իշխանության պահպանման, հարկատուների միջոցները տնօրինելու և այն հայերի մասին, որոնք հարկ են վճարում հավաքական ընտանեկան բյուջե, նվիրատվություն անում ՔՊ-ի հետ ասոցիացվող «Իմ քայլը» հիմնադրամին։

Թաթուլ Մկրտչյան