Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, որ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն. միակ տրամաբանական բացատրությունը սա է:
Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի:
Ինչո՞ւ, սիրելի՛ գործընկերներ, չեք գնում, ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարո՛ն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի՛ ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի»,- ասաց Ռուբինյանը:
Վերջում նա ևս մեկ անգամ հետաքրքրվեց՝ պատասխանելո՞ւ են, թե ինչ շրջաբերական էր շրջանառվում։