Քաղաքացին այլևս չի հավատում որոշ շրջանակների կողմից հորինված պատմություններին, այլ հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը: Չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը: Այստեղ են մեր և ձեր ունեցած պատկերացումների տարբերություններն իրական և պատմական Հայաստանների միջև: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարանի ամբիոնից հնչող քննադատություններին:
«Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանություն, չկա պետականություն, և կա հնարավորություն՝ դառնալու գուբերնատոր. սա է այն ձգտումը, որին դուք ուզում եք հասնել: Դրա համար եք ասում՝ իրական Հայաստանը սպառնալիք է... Այո՛, սպառնալիք է իրական Հայաստանը Դաշնակցության համար, որտեղ չկաք դուք, չկա ազգային-ազատագրական պայքարի վերնագրի ներքո գուբերնատոր դառնալու շանս»,- նշեց նա։