Կառավարությունը հոկտեմբերի 31-ին որոշեց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում լրացումներ են իրականացվել։ Հարցն առիթ տվեց Կառավարության ղեկավարին ընդարձակ ակնարկ կատարել և հանրությանը ներկայացնել իր պատկերացումները ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ։
Շատերը նոր իմացան, որ այս թեման շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար։ Նա Կառավարության նիստում մոտ 25 րոպե խոսեց այս թեմայով։ Ու պարզվեց, որ վարչապետն ուշադրության է արժանանացնում հայկական ուտեստները, բակային մանկական խաղերը, խմիչքները՝ մասնավորապես՝ շամպայնն ու կոնյակը։
Ի՞նչն էր պատճառը, որ Կառավարության նիստի թանկարժեք րոպեներից 25-ը ծախսվեց այս թեմայի վրա։
Մակերեսային գնահատմամբ կարող ենք ասել, որ վարչապետին հետաքրքրում են ուտելը, խմելը և խաղալը։ Սրանք նորմալ հետաքրքրություններ են կյանքում հաջողության հասած, բավարարված, գործերն ինքնաշխատ ռեժիմի վրա դրած, ժամանակի մեծ մասը ժամանցային հաճույքներին նվիրած մարդկանց։ Օրինակ՝ Լաս Վեգաս կամ Մոնտե Կառլո այցելողների մեծ մասն ուզում են տպավորությունը թողնել, թե իրենց մոտ ամեն ինչ լավ է, դզված։ Եվ իրենք կարող են մի քանի հազար թողնել խաղատներում, հաճելի ժամանակ անցկացնել։
Բակային խաղերին անդրադարձի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմքին նկատելի էր, որ նա, ինչպես և այդ տարիքի մարդկանց մեծ մասը, կարոտում է մանկությունը, մանկական բակային խաղերը, որոնք այսօր չի կարող խաղալ, քանի որ դիրքի լրջությունը թույլ չի տալիս։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ վարչապետն ու համակիրները կարող են «Հավալա» խաղալ։ Ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ համարձակվի ցատկել նրա վրայով։ Նույնը կարելի է ասել «Էշ-միլիցա» խաղի մասին։ Վարչապետի անվտանգությունն ու իմիջմեյքերը թույլ չեն տա նրան այդպիսի ռիսկային խաղեր խաղալ։ Սակայն վարչապետի անդրադարձը բակային խաղերին, դրանց պահպանման, փաստագրման ու շտեմարանավորման խնդիրներին, վկայում է, որ նա կարոտով է հիշում մանկությունը, երբ բակում կամ դպրոցում ընկերների հետ այս խաղերն էին խաղում ու անհոգ զվարճանում։ Եվ եթե հիմա կարոտով է հիշում այդ շրջանը, նշանակում է՝ նա անհոգ կյանքի ձգտում ունի։ Իսկ դա էլ նշանակում է, որ նա հոգնել է վարչապետի բեռից, և առաջիկա ընտրություններում գուցե լուրջ չպայքարի։
Նկատելի է նաև Փաշինյանի ընդգծված հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ։ Այս հետաքրքրությունը բնորոշ է համադամասերներին, որոնք հաճույք են ստանում համեղ կերակուրներ փորձելուց։ Սա բնորոշ է նաև ընկերասեր մարդկանց, որոնք ընկերների հետ շատ ժամանակ են անցկացնում և հաճույքի համար փորձում են տարբեր ուտեստներ։ Ուտելիքի հանդեպ ուշադրություն են դարձնում նաև նրանք, որոնք մանկության կամ պատանեկության շրջանում թերսնվել են կամ միօրինակ են սնվել, հնարավորություն չեն ունեցել ուտելու այն, ինչ մտքով անցել է, շատ բաներ չեն էլ տեսել։ Ստույգ տվյալներ չկան, թե ինչու է Փաշիյնանը մեծ ուշադրություն դարձնում ուտելուն, մասնավորապես խոհանոցին։ Սակայն ԱԱՌ-ում, ազգային արժեքների շարքում խոհանոցը ներառելը ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունը ոչ ստանդարտ պատկերացում ունի ազգային արժեքի նկատմամբ։ Այսպիսի պատկերացումը բնորոշ է ինքնության պահպանումը անկախությունից վեր դասող ցեղերին։ Հետևապես՝ մտահոգիչ է ոչ միայն այն, որ Փաշինյանը մեծ ուշադրություն է դարձնում ուտեստներին, այլև այն, որ այդպիսով ստվերվում են մշակութային իրական արժեքները, որոնք ազգային դիմագիծ են ձևավորում։
Իսկ կոնյակի և շամպայնի ուղղությամբ Փաշինյանի սևեռումը ցույց է տալիս, որ նա անտարբեր չէ խմիչքի հանդեպ։ Ծանրաբեռնված աշխատանքից հետո բնական է, որ մարդը կարող է լիցքաթափվելու համար մի քանի բաժակ խմել։ Սակայն խմելը կարող է սովորույթ դառնալ։ Այս դեպքում մարդը փորձում է թեթևացնել աշխատանքային բեռը և ավելի հանգիստ վայելել մի քանի բաժակ բրենդին կամ փրփրագինին։ Սա ևս հիմք է ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանի համար ավելի նախընտրելի է ժամանակը նվիրել հարազատ, սիրելի մարդկանց հետ մի քանի կում խմելուն, քան երկրի ծանր խնդիրները լուծելու մասին մտածելուն։ Հետևապես՝ եթե խմելու հետաքրքրությունը խորանա, նրա թիմակից պատգամավորներն ու նախարարներն էլ ընկնեն նրա ջրերն, իսկ ընտրությունների ժամանակ էլ արժանի մրցակից հայտնվի, ապա ՔՊ-ն գուցե կզիջի իշխանությունը առանց դիմադրության։
Կարճ ասած՝ հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում ոչ նյութական մշակութային արժեքների թեմայով քննարկումը հույս արթնացրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն անկաշկանդ կիրացնեն իրենց կենսական հետարքրությունները՝ կուտեն, կխմեն ու կխաղան։ Իսկ պետության ղեկը կհանձնեն խոհանոցն ազգային արժեքից տարբերող, խմիչքի անունների ընտրությունը խմիչք արտադրողներին թողնող, մանկական խաղերը քաղաքական խաղերից տարբերող, անկախության պաշտպանության ուղղությամբ իրական քայլեր անելու խիզախություն ունեցող կուսակցություններին։
Թաթուլ Մկրտչյան