«Սրբազան շարժում»-ը վերջացած է. իմիտացիա անելով՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է վերարտադրվել
copy image url

«Սրբազան շարժում»-ը վերջացած է. իմիտացիա անելով՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է վերարտադրվել

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:00 24-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, քաղաքացիներին հրավիրել է ենք ՀՀ նախագահի նստավայրի առաջ՝ Վահագն Խաչատուրյանից պահանջելու, որպեսզի վերջինս չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։ «Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախկին առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ այս գործողությունը իրականում ոչինչ չի տալու։ Նա ասաց՝ իր այս գնահատակը չարախնդրություն չէ, սակայն անհրաժեշտ է իրականությանը բաց աչքերով նայել և իրականության հետ առերեսվել.

«Շարժում այլևս գոյություն չունի, այն վերջացած է։ Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում. քանի որ Սրբազանն ասել է, որ ինքը հետ չի կանգնելու, խորհրդարանական ուժերը սա շատ լավ օգտագործում են, որպեսզի ընդդիմադիր դաշտը խցանված պահեն։ Այստեղ բովանդակային առումով՝ արդյունքի տեսանկյունից, տեղի ունենալ չի կարող, մայիսի 9-ը անցած է այլևս, թայմինգը՝ կորսված։ Մարդիկ այս ամենի նկատմամբ լցված են խորքային ատելությամբ։ Ես էլի եմ կրկնում՝ ինձ հաճելի չէ այս մասին խոսելը, սա ինձ ուրախություն չի պատճառում, բայց ասում եմ փաստը։ Մեր հիմանական խնդիրն այն է եղել, որ մենք չենք կարողացել առերեսվել իրականության հետ և պատասխանատվություն կրել այդ իրականության համար»։

Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավոր է շարժում հաջողության հասնի, հետ ճանապարհներ են փնտրում ու դրդում են, որ «շարժումը» առաջ գնա, շարժման առաջնագծում գտնվող մարդկանց ամենամեծ վատությունն են անում, քանի որ շարժումն արդեն վերջացած է։ Նրա խոսքով՝ շարժման հետևանքով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 3-4%-ով բարձրացավ ու այս իրողության հետ պետք է առերեսվել։

«Սա ոչ մի խնդիր չի լուծելու, սա լուծելու է միայն պառլամենտական ընդդիմության՝ դաշտում մնալու ու դաշտը ինչ-որ ձևով խցանցված պահելու, շարժման իմիտացիա անելու խնդիրը, որով պատրաստվելու են ընտրությունների։ Շատ շուտով նաև այս ֆորմատն է մասնատվելու ու ցրվելու, որովհետև ոչ մեկն այլևս չի նայելու՝ սա շարժո՞ւմ է, թե՞ չէ, բոլորը գնալու են ընտրությունների։ Մայիսի 9-ից շարժումը ոչնչացնելու նպատակը հենց ստատուս քվոյին վերադառնալն էր ու նույն կառուցվածքով ընտրությունների մասնակցելը։ Ինչ-որ ժամանակ հետո հետքայլեր կմտածեն ու ամեն մեկը առանձին կգնա ընտրությունների։ Սա է իրականությունը, թե չէ նախագահը կստորագրի օրենքը, թե չի ստորագրի, սրանք արդեն յոթերորդական հարցեր են, այս խոսակցություններն արդեն մարդկանց էլ են հոգնեցրել»,- ասաց նա։

Մեր զրուցկիցը կարծում էր, որ այս հարցերի լուծմանը հնարավոր էր մայիսի 9-ին հասնել և ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչու դա տեղի չունեցավ։ Ըստ նրա՝ այժմ բոլորի համար ավելի քան պարզ է, այն ինչ ինքը 1-2 տարի շարունակ ասել է. «Ես բառացի ասել եմ, որ պառլամենտական ընդդիմությունն անգամ չնչին տարբերություն չունի Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությունից՝ ո՛չ բովանդակային, ոչ՛ որակական։ Մարդիկ նոր են սկսել այս մասին խոսել ու անգամ այն մարդիկ, ովքեր թիմերից են, փորձում են այդ պրոցեսից պարզ դուրս գան ու փրկվեն, բայց չեն փրկվելու։ Եթե մենք ուզում ենք անել փոփոխություն, առաջին հերթին պետք է անենք ընդդիմափոխություն, որից հետո նոր կլինի միայն իշխանափոխություն։ Հակառակ դեպքում՝ այս մարդիկ նույն իշխանության անդամներ են ու հիմա իրենց արածը նույն բանն է, որ ՔՊ-ի ինչ-որ մի թև գնա իշխանափոխություն անի մյուս թևի դեմ, նման բան չի կարող լինել»։

Սուրեն Պետրոսյանը չի բացառում, որ ընդդիմությունը կարող է այս իրավիճակում մանդատները վայր դնել, քանի որ սա Նիկոլ Փաշինյանի համար ամենաձեռնտու պահն է։ Նա շեշտում է՝ խորհրդարանական ընդդիմության միակ օրակարգը եղել է գործող ստատուս քվոյի պահպանումը, որպեսզի իրենք էլ քաղաքական դաշտում մնան որպես ընդդիմություն։

«Սա հենց իշխանական օրակարգն է, որ կարող է հիմա մանդատները դնեն ու գնան արտահերթ ընտրությունների, որովհետև դա օդ ու ջրի պես իշխանությանն է պետք։ Ընդդիմադիր դաշտը կառուցվածքային առումով պատրաստ չէ, իսկ իրենք ունեն իշխանական բոլոր լծակները։ Մեծ կուսակցությունները գուցե կարողանան իրենց կառուցվածքը օգտագործեն, 4-5% փախցնեն ու ԱԺ-ում հայտնվեն, որովհետև իրենց միայն դա է պետք։

Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ երբ մայիսի 9-ից հետո ասում էի՝ Սրբազանը պետք է հրահանգի, որ ընդդիմադիրները վայր դնեն մանդատները, ինձ ասում էին, որ դա նիկոլական օրակարգ է։ Ասում էին՝ որ մանդատները դնենք, Նիկոլ Փաշինյանի հետ գնալու ենք ընտրության։ Ես ասում էի՝ ո՛չ, եթե հրահանգի արդյունքում մանդատները, դա հանգեցնելու էր իրավիճակի փոփոխության, մարդիկ կիմանային, որ իրենք չեն վերարտադրվելու, կիմանային, որ մենք իշխանություն ունեինք։ Սա գետնի վրա իրավիճակ կփոխեր և այլևս մարդկանց կանգնեցնել չէր լինի»,- նշում է նա։

Սուրեն Պետրոսյանը հավելեց, որ մայիսի 9-ին մանդատները վայր դնելը բոլորովին այլ արդյունք կունենար, սակայն տարբեր պատճառնաբանություններով ընդդիմադիրները հրաժարվեցին դրանից, իսկ հիմա անելը բխում է նախևառաջ Նիկոլ Փաշինյանի շահերից։ «Հիմա շատ նորմալ կլինի, որ իրենք դնեն մանդատները, դնեն էլ, չդնեն էլ, օրինաչափ է լինելու, որովհետև իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալն և թույլ չտալը, որ ընդդիմադիր դաշտում այլ՝ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող դերակատարներ ձևավորվեն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան