Փաշինյանը Սահմանադրություն է փոխում, որ ՔՊ-ն կարողանա վերարտադրվել
copy image url

Փաշինյանը Սահմանադրություն է փոխում, որ ՔՊ-ն կարողանա վերարտադրվել

Ներքին 1 տարի առաջ - 19:00 29-01-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի՝ պնդելով, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։

Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեցին բուռն քննարկումներ։ Շատերը հիշեցին թշնամի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի խոսքերը։ Դեռ 2021 թվականին էր Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում հայտարարել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում Սահմանադրությունը փոխելու՝ Փաշինյանի այս որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Նոր Սահմանադրություն պետք է լինում այն ժամանակ, երբ պետք է փոփոխության ենթարկել անփոփոխելի հոդվածները, այդ թվում՝ Սահմանդրության նախաբանը։ Իսկ Սահմանադրության նախաբանի հետ ակնհայտորեն խնդիր ունեն այս իշխանությունները, որովհետև նման խնդիր ունի նաև ադրբեջանական կողմը․ Ալիևն անընդհատ այդ մասին խոսում է։

Հիմա, երբ հարցնում ենք, թե այս փոփոխություններ ինչների՞դ է պետք, ասում են՝ փոփոխությունները պետք են, որովհետև նոր քաղաքական իրողություններ կան, հեղափոխություն, նախկին ռեժիմը փոխվել է և այլն։

Բայց նախկին ռեժիմը փոխվել է արդեն 6 տարի, այսինքն՝ եթե դուք ասում էիք՝ «Սերժ Սարգսյանի օրոք ընդունված Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում էր», ապա դուք այդ կոստյումից օգտվել եք առնվազն 2 անգամ խորհրդարանական ընտրություններին և բազմակի անգամ ՏԻՄ ընտրություններին»,- ասաց Հարությունյանը։

Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ հիմա որոշեցին փոխել Սահմանադրությունը, փաստաբանը պատասխանեց․

«Իրենք նախատեսում են Կառավարության ձևավորման կարգ փոխել, 3 տարբերակ են առաջարկում։ Ասում են՝ եթե գործող Սահմանադրությամբ 50+1 տոկոսը իշխանություն չի ձևավորվում, այսինքն՝ եթե չկա մի ուժ, որը կարող է Կառավարություն ձրավորել, ապա կամ նախագահն է ընտրում առավել շատ ձայներ հավաքած ուժի 1-ին համարին վարչապետ, կամ էլ ավտոմատ ձևով ամենաշատ ձայներ հավաքած ուժը Կառավարություն է ձևավորում, ինչպես Երևանի քաղաքապետարանում եղավ»։

Փաստաբանի խոսքով՝ 3-րդ տարբերակն էլ այն է, որ 50+1 տոկոսը չհաղթահարելու դեպքում նոր ընտրություններեն տեղի ունենում։

Վարազդատ Հարությունյանը ընդգծեց՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս ի զորու չէ բացարձակ մեծամասնություն դառնալու համար անհրաժեշտ ձայներ հավաքել, ուստի Սահմանադրությունը փոխելու պատճառներից մեկն էլ հենց դա է․

«Բացարձակ մեծամասնություն չեն կարողանում դառնալ, բայց դրան զուգահեռ կարողանում են բոլորից շատ ձայներ հավաքել։ Հիմա Կառավարության ձևավորման կարգը այս մոդելներից մեկով փոխելու պարագայում իրենք լուծում են իրենց համար այն գերխնդիրը, որ հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պարզապես հնարավորություն ունենան Կառավարություն ձևավորել։ Այսինքն՝ մինչև 2026 թվականի հունիս պետք է այս գործընթացն ավարտած լինեն, եթե իհարկե մինչ այդ արտահերթ ընտրություններ չլինեն․․․

Իրենք Կառավարության ձևին չեն կպնում, վարչապետի լիազորությունները գրեթե նույնությամբ պահպանվում են, 2 ձևական բան փոխում են նախագահի մասով՝ լիազորություններ են տալիս։
Փաստորեն իրենց ձևակերպմամբ՝ «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը» Նիկոլ Փաշինյանը չի ուզում հանել։ Սահմանադրություն է փոխում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլի կարողանա վերարտադրվել։

Ինչպես արդեն նշեցի, բնականաբար նոր Սահմանադրությամբ Հռչակագրի հղումը պարունակող նախաբանը վերացնելու խնդիր ունեն, ակնհայտ է, որ այդ խնդիրը դրված է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը համ ներքաղաքական հարց է լուծում՝ իշխանության վերարտադրում, համ էլ արտաքին քաղաքական՝ Ալիևի պահանջն է կատարում»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված